Աբրահամյանի պնդմամբ՝ Հայաստանը և Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ, այժմ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հանրապետականի համագումարի ժամանակ, արխիվ

Շարմազանովը, իր հերթին, հայտարարում է, որ ապրիլի վերջին իր ասածները մնում են ուժի մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու»: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից առաջ այդպես նա արձագանքեց «Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող է ասել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի սկանդալային հայտարարության կապակցությամբ:

Մայիսի 14-ին, հիշեցնենք, Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար կազմակերպված տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:

Հայաստանի վարչապետը, մինչդեռ, երեկ ընդգծեց․ - «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:

ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո հարցին անդրադարձավ նաև Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով․ - «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ չի կարող տեղադրվել, չկա՛ նման բան»:

Միաժամանակ, ըստ Շարմազանովի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ Ստեփանակերտը պետք է մաս կազմի Մաքսային կամ Եվրասիական միությանը:

«Մենք ընդամենը ասել և հստակ ասում ենք, որ, այո, Հայաստան-Լեռնային Ղարաբաղը դրանք մեկ տնտեսական տարածք են: Այսօր ես վերահաստատում եմ իմ, մեր իշխանությունների կարծիքը, որ, այո, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մեկ տնտեսական տարածքում են գտնվում, իսկ ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյան է, որ այդ մակարդակի մեջ պետք է քննարկվի ղարաբաղյան հիմնահարցը», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակը:

«Իմ ասածները ուժի մեջ են»


Ապրիլի վերջին Էդուարդ Շարմազանովը աղմկահարույց հայտարարություն էր արել, թե «եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»: Հիշեցնենք՝ այդ փողոցում է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:

Շարմազանովի այս հայտարարությանն ի պատասխան՝ մայիսի սկզբին ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թե առաջիկայում ինչ ընտրություններ էլ անցկացվեն՝ նախագահական թե խորհրդարանական, իշխող Հանրապետական կուսակցությունը այլևս չի հաղթելու:

Հինգշաբթի օրը ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն, հռետորական հարց բարձրացրեց՝ իսկ ո՞վ է ասել, որ պաշտոնները հավերժ են:

Այստեղ Շարմազանովին հիշեցրեցինք ապրիլի վերջին իր արած հայտարարությունը, և նա անմիջապես արձագանքեց․ - «Այո, ես ինչ որ ասել եմ՝ ասել եմ շատ հստակ, շատ պարզ և ամբողջական: Եթե որևէ անհասկանալի բան կա, ևս մեկ անգամ ընթերցեք կամ նայեք տեսագրությունը իմ հայտարարության, և այնտեղ ամեն ինչ շատ պարզ է, և իմ ասածները ուժի մեջ են, և իմ ասածները նաև ըմբռնում և ընկալում են գտնում իմ կուսակցության, գործընկերների մոտ»:

Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ մայիսի 24-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին նախատեսված չէ հրավիրել որևէ քաղաքական ուժի կամ գործչի: