Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լրագրող, իրավապաշտպան և ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Փարվիզ Գաշիմլին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել խուլիգանության և ապօրինի զենք ունենալու մեղադրանքով:

Գաշիմլին, ով հաճախ է հանդես եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատող հրապարակումներով, ձերբակալվել էր անցած սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկել էր նրա բնակարանը և հայտարարել, թե այնտեղ ապօրինի զենքեր են հայտնաբերվել:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Գաշիմլիի փաստաբան Էլչին Սադիխովը հայտարարել է, որ դատարանը անտեսել է պաշտպանական կողմի փաստարկները, ինչը, ըստ նրա, ապացուցում է, որ իր պաշտպանյալի դեմ գործը «քաղաքական բնույթ է կրում»: