ՀՊՃՀ աշխատակցի պնդմամբ, իրեն պատժել են Կուտակայինի պատճառով

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) աշխատակից, պարտադիր կուտակային պահումների դեմ հանդես եկած Վերոնիկա Խորասանյանն այսօրվանից այլևս չի զբաղեցնում բուհի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնը:

Նրա ղեկավարած բաժինը վերանվանվել է Լրատվության կենտրոն, Վերոնիկա Խորասանյանի պաշտոնն էլ իջեցրել են մինչև ավագ տեսուչ՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ:

«Շատ լավ աշխատանքային նկարագիր ունեմ․ ես երբևէ նկատողություն չեմ ստացել, ոչ մի կարգապահական տույժ չունեմ, հրաշալի փոխհարաբերություններ ունեմ բոլոր աշխատակիցների հետ՝ և՛ ղեկավարների, և՛ վերադասների, և՛ ենթակաների: Տեղ չկար այստեղ կպնելու, և միակ հնարավոր տարբերակը դա կառուցվածքային փոփոխություն անելն էր», - իր պաշտոնի և աշխատավարձի ցածրացումը մեկնաբանում է Խորասանյանը:

Բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը «Արմենպրեսին» տված պարզաբանման մեջ պնդել էր, թե ընդամենը բուհում կառուցվածքային փոփոխություններ են անում: Մինչդեռ Վերոնիկա Խորասանյանը վստահ է, որ իր հետ պարզապես հաշվեհարդար են տեսնում՝ կուտակայինի դեմ ընդվզելու և ռեկտորատին աշխատավարձից պահումներ չկատարելու մասին դիմում-պահանջ ներկայացնելու պատճառով: Մեզ հետ զրույցում նա պնդեց, որ ռեկտորը իրենից պահանջել է դիմումը ետ վերցնել և «իշխանության գիծը պահել»:

«Դա շատ անհեթեթ հայտարարություններ անել և ինձ սպառնալ, որ ես պետք է իշխանության ընտրած գիծը տանեմ: Ես պարտավոր եմ կրթական քաղաքականության գիծը առաջ տանել, անկախ նրանից՝ ով կլինի համալսարանի ղեկավարը, բայց ես նաև պարտավոր եմ որպես քաղաքացի իմ իրավունքները պաշտպանել», - ասում է Խորասանյանը:


Ռեկտորատը նաև պնդում է, որ Վերոնիկա Խորասանյանին առաջարկված նոր աշխատավարձը նախորդից «ոչ զգալի տարբերութամբ է»: Ի պատասխան Խորասանյանը նշում է՝ ռեկտորի պաշտոնակատարի համար գուցե 20 հազար դրամը էական գումար չէ, բայց իր ընտանիքի բյուջեի համար դա համարվում է էական նվազեցում:

Նա հիշեց, որ դեռ 2013 տարեվերջին բուհի անձնակազմը մեծ ոգևորությամբ ընդունեց ղեկավարության որոշումն այն մասին, որ հավելավճարի տեսքով փոխհատուցվելու են 400 երիտասարդ աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Սակայն երբ օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, երբ հանրային ճնշումն ավելի թեժացավ, բուհի երիտասարդները նույնպես որոշեցին դիմում գրել ղեկավարութայնը: Վերոնիկան կարծում է, որ այս պայքարի շնորհիվ էլ բուհը շահեց, քանի որ կուտակայինի համար առանձնացված տարեկան 40 միլիոն դրամը ղեկավարությունը այժմ կարող է ծախսել ավելի նպատակային:

Թեպետ կուտակային պահումներ չանելու մասին հարյուրավոր դասախոսներ են դիմումներ գրել, այդուհանդերձ նա միակն է, ով երեկ բուհում ստեղծված իրավիճակի մասին նամակ էր ուղղել ԱԺ-ի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաև ոչ իշխանական 4 խմբակցություններին: Խորասանյանը պնդում է, որ իր գործընկերներից շատերը լռում են՝ քանի որ վախենում են աշխատանքից զրկվելուց:

«Համալսարանում չի կարելի ստեղծել վախի մթնոլորտ, սպառնալ, մատ թափ տալ: Միակ վիրավորանքս որն է՝ եթե ես զգայի մի փոքրիկ մարդկային վերաբերմունք, կամ որ ես զգայի, որ գործատուն նեցուկ է իր աշխատողին, թիկունքին կանգնած է և ոչ թե մի բան էլ սպառնում է, հավատացեք, կարող է և այսպիսի քայլերի չդիմեի», - ասում է նա:

Խորասանյանը տեղի ունեցածի կապակցությամբ դիմում է հղել համալսարանի ղեկավարությանը:

«Եթե ռեկտորի պաշտոնակատարը գնալու է ավելի կոշտ միջոցների, ես էլ համապատասխան զինանոց ունեմ ընտրած», - ասում է նա: