Շտիգլիցին հաղթելուց հետո Աբրահամը որոշել է ևս երկու տարի մենամարտել

Your browser doesn’t support HTML5

Երկու ամիս առաջ ստացած վնասվածքը, որից մինչ այսօր չի վերականգնվել, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը համարում է այն զոհողությունը, որն անհրաժեշտ էր աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
«WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի լավագույնի տիտղոսը վերադարձրի և հիմա գիշերը հանգիստ կարող եմ քնել»,- այսօր Երևանում հայտարարեց Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը:

Մարտի 1-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած երրորդ մենամարտը և երկրորդ հաղթանակը վստահություն են ներշնչել Աբրահամին, և այժմ կարիերան ավարտելու ծրագրերին փոխարինել է առնվազն ևս երկու տարի ռինգում մենամարտելու ցանկությունը:

Հիշեցնենք, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Ռոբերտ Շտիգլիցի հետ Աբրահամը երեք մենամարտ ունեցավ, որոնցից ամենաբարդը՝ երրորդը, հեղինակավոր ESPN սպորտային հեռուստաալիքի հետ հարցազրույցում բնութագրեց որպես «իսկական ճակատամարտ»:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելուց բացի այն հարկավոր է նաև պահպանել, ասում է 33-ամյա բռնցքամարտիկն ու պնդում, որ առաջիկայում ամեն ինչ անելու է հենց դրա համար։

Ռինգին հրաժեշտ տալուց հետո իրեն մարզչի դերում դեռ չի պատկերացնում: Աբրահամի խոսքով՝ դրա համար ավելի շատ ջանք է պահանջվում, քան ուժեղագույնների հետ ռինգում մենամարտելը: