Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման թեմայով քննարկումներ են սկսվել

Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը (կենտրոնում), վարչապետ Արսենի Յացենյուկը (ձախից) և նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը Կիևում մեկնարկած քննարկումների ժամանակ, 14-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունը կլոր սեղան-քննարկումների շարք է սկսել Արևելյան Ուկրաինայի ճգնաժամը հաղաթահարելու համար ԵԱՀԿ-ի առաջարկած գործողությունների պլանով։

Քննարկումներին մասնակցում են նախկինում Ուկրաինայում ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ, օրենսդիրներ, տարբեր ոլորտների ղեկավարներ, բայց ոչ՝ ռուսամետ անջատողականներ։

Գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է երկխոսության, բայց չի ենթարկվելու ռուսամետ զինյալների շանտաժին։ «Նրանք, ովքեր զենքը ձեռքերին պատերազմ են հրահրում սեփական երկրում՝ թելադրելով հարևան երկրի կամքը, պատասխան են տալու օրենքի առջև», - ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի գործող ղեկավարների նախաձեռնած քննարկումների վերաբերյալ դրական կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ որքան շատ մարդիկ ներգրավվեն այդ գործընթացում, այնքան՝ լավ, միաժամանակ ընդգծելով, որ կարող են մասնակցել միայն բռնության դեմ հանդես եկող մարդիկ։

Ռուսաստանը նույնպես սատարել է ԵԱՀԿ-ի այս ծրագիրը, բայց նաև մեղադրել է Ուկրաինայի գործող իշխանություններին Արևելյան Ուկրաինայի ապստամբների հետ իրական երկխոսությունից հրաժարվելու համար։