Վրաստանի ու Մոլդովայի եվրաինտեգրումը ակնկալվում է հունիսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյ

Հունիսի 27-ին ակնկալվում է, որ Վրաստանն ու Մոլդովան Բրյուսելում կստորագրեն Եվրամիության հետ ասոցացացման համաձայնագրերը, ինչը ենթադրում է քաղաքական և տնտեսական ավելի սերտ համագործակցություն:

Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը՝ երեկ Քիշնևում և այսօր Թբիլիսիում այդ երկրների իշխանությունների հետ հանդիպումներից հետո:

Այսօր Վրաստանում այդ երկրի վարչապետ Իրակլի Ղրիբաշվիլիի հետ հանդիպումից հետո ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահը հայտարարել է, որ չնայած նկատվող շատ լուրջ ճնշումների, որ ուղղված են Վրաստանին և այլ երկրներին՝ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետ պահելուն, իրենք համառորեն շարունակում են իրենց ջանքերը:

«Մենք շարունակում ենք մեր քաղաքականությունը, որ ուղղված է հարևանների հետ լավ և ամուր հարաբերություններ ունենալուն, նույնիսկ այնպիսի հարևանի, ինչպիսին Ռուսաստանն է: Որքանով է մեր քաղաքականությունը հաջողված... այն բավական հաջողված է, այլապես մենք այստեղ չէինք լինի, այլապես մենք չէինք ստորագրի ասոցացման պայմանագիրը երկու կամ երեք երկրների հետ երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Վան Ռոմպոյը։

Վան Ռոմպոյը ինչպես Թբիլիսում այսօր, այնպես էլ Քիշնևում նախօրեին շեշտել է, որ այս փաստաթղթերի ստորագրումով այդ երկրների և Եվրամիության ինտեգրման գործընթացը չի ավարտվի:

«Մեր հարաբերություններում սա նոր փուլ սկսելու կարևոր ազդանշան է»,- հայտարարել է Ռոմպոյը:

Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հետևում է եվրաինտեգրացիայի ուղուն և որ դա իրենց ժողովրդի ընտրությունն է:

Երեկ Մոլդովայում ելույթ ունենալով՝ Հերման Վան Ռոմպոյը վերահաստատել է, որ Մոլդովան Եվրոպական երկիր է իր պատմությամբ, աշխարհագրությամբ, մշակույթով և կենսակերպով:

«Այժմ ջանքերը պետք է կենտրոնացնել ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և իրագործելու վրա, ինչը կերաշխավորի, որ Մոլդովան և իր բոլոր քաղաքացիները կշահեն այս առավել սերտ հարաբերություններից»:

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին իր խոսքում ընդգծել է, որ հույս ունեն ապագայում Եվրամիության լիարժեք անդամ դառնալ:

«Մեր երկրի քաղաքացիները ցույց են տվել, որ վստահելի են և արժանի են, որ նրանց տեսանելի ժամանակահատվածում առաջարկվի այն բարեկեցությունը, որ բխում է Եվրոպայի քաղաքացիությունից»,- հայտարարել է Տիմոֆտին: