Հայոց ցեղասպանության հարցով քննարկում Իսրայելի Քնեսեթում

Իսրայելի Քնեսեթի շենքը Երուսաղեմում

«Իսրայելի պետությունը երբեք չի հերքել տեղի ունեցածը», - վստահեցրել է ԱԳ նախարարի ներկայացուցիչը՝ միաժամանակ մատնանշելով հայ - թուրքական արձանագրությունները:
Իսրայելի Քնեսեթը երեքշաբթի օրը հատուկ լիագումար նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայոց ցեղասպանության թեման, փոխանցում է իսրայելական խորհրդարանի պաշտոնական կայքէջը:

Հարցը օրակարգ էր ներկայացրել «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը մինչև այդ ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկումների ժամանակ իր ելույթում Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը հայտնել է, որ որպես նախարար պաշտոնավարելիս ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշարձանին: Նա արտահայտել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ «անհրաժեշտ է հիշել հայ ժողովրդի կոտորածը»:

Քնեսեթի այս քննարկումները «չեն մեղադրում ժամանակակից որևէ երկրի, այլ ավելի շուտ ցույց են տալիս, որ մենք մեզ նույնականացնում ենք կոտորածի զոհերի հետ և գիտակցում ենք դրա ահավոր հետևանքները», հայտարարել է Էդելշտեյնը՝ շարունակելով․ - «Մենք գործում են որպես հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և անտեսել մարդկային արժեքները դիվանագիտական և քաղաքական զգուշությունից ելնելով»:

Նախաձեռնության հեղինակ Զահավա Գալ-Օնը հայտարարել է, որ «ժամանակն է, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի կոտորածը»: Նա հավելել է, որ նման ճանաչումը Իսրայելի համար շատ կարևոր երկիր Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու փորձ չէ:

«Կառավարությունը չպետք է զոհաբերի ճանաչումը հանուն ժամանակավոր շահերի», - ընդգծել է «Մերեց» կուսակցության առաջնորդը՝ մանրամասնելով․ - «Դիվանագիտական իրավիճակը միշտ տարբեր է: Երբ մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կողմնակիցն ենք, չենք ճանաչում ցեղասպանությունը, և ահա՝ «Մարմարա»-ն [2010 թվականին Գազայի հատված ուղևորվող «Մավի Մարմարա» նավի հետ կապված իրադարձությունները], և մենք մտափոխվում ենք»:

«Որպես Հոլոքոսթը վերապրած ազգ՝ մենք չենք կարող շարունակել Հայոց ցեղասպանության անտեսումը», - ասել է Գալ-Օնը:

Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին է հանդես եկել նաև «Լիկուդ-Իսրայել Բեյթենյու» խմբակցությունից Ռյովեն Ռիվլինը, նշելով, մասնավորապես, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց՝ որպես հրեաների, բարոյական պարտավորությունն է: «Ինձ համար ծանր է ներել այլ ազգերին մեր ողբերգությունը անտեսելու համար, և մենք չենք կարող անտեսել այլ ազգի ողբերգությունը», - մասնավորապես, շեշտել է նա:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի անունից հանդես է եկել զբոսաշրջության նախարար, «Լիկուդ-Իսրայել Բեյթենյու» խմբակցության պատգամավոր Յուզի Լանդաուն, ով ասել է, մասնավորապես, թե իրենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ, «նույնիսկ բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու մարդկային ողբերգությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը»:

«Իսրայելի պետությունը երբեք չի հերքել տեղի ունեցածը», - վստահեցրել է նախարարը՝ միաժամանակ նշելով, թե վերջին տարիներին այս թեման վերածվել է Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական հարցի, և «կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն է ճիշտ»:

«Հուսով ենք, որ երկու երկրները կիրագործեն մի քանի տարի առաջ իրենց ստորագրած համաձայնությունը և կշարունակեն բաց, խորը երկխոսությունը, որը նրանց թույլ կտա բժշկել տասնամյակներով բաց մնացած վերքերը», - հայտարարել է Լանդաուն: