Վարչապետը խոշոր գործարարների հետ տնտեսության վիճակն է քննարկել

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր հանդիպած գործարարները կառավարությունից հիմնականում մի բան են պահանջել՝ հավասար պայմաններ բոլորի համար։

«Նույն Սամվել Ալեքսանյանը, նույն «Նոյան հյութերը»... Բադեյան Արան և այլ մարդիկ ասացին, որ եթե կանոնները հավասար են լինելու, իրենք խնդիր չեն տեսնում»,- ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո պատմեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Աբրահամյանի հրավերով կառավարությունում անցկացված հանդիպումն անցավ փակ դռների ետևում, ինչից հետո համարյա բոլոր գործարարները կայծակնային արագությամբ լքեցին դահլիճը՝ խուսափելով լրագրողների հարցերից։

Հանդիպումից հետո, սակայն, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ կարգավիճակով է գործարարների շարքում վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել։ Իր անունով որևէ բիզնես չունեցող, բայց ընտանեկան հարուստ բիզնեսով հայտնի պատգամավորը այդպես էլ չցանկացավ խոսել լրագրողների հետ։

«Ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց նա։

Սամվել Ալեքսանյանը, ի դեպ, հանդիպմանը ներկա միակ պատգամավորը չէր։ Այստեղ էր նաև ՄԱՊ ընկերության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Ալեքսան Պետրոսյանը։

«ՄԱՊ-ը չեմ ներկայացնում, որպես պատգամավոր եմ այստեղ։ Տարբեր խնդիրներ բարձրացվեին, վարչապետը հույս չի տալիս, ծրագիր է առաջարկում, որ պետք է բոլորը թափանցիկ [աշխատեն] և հարկային քաղաքականության մեջ, և պարտավորությունների, և բիզնեսմեններին օգնելու տեսակետից և միմյանց նկատմամբ ազնիվ պահվածք դրսևորեն»,- ասաց Պետրոսյանը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մի քանի վայրկյան խոսեց, ասաց, որ վարչապետի հետ հանդիպումից ակնկալիքներ ունի բիզնես ոլորտը զարգացնելու համար։

«Դրա արդյունքը կտեսնեք մոտ ժամանակներս»,- ասաց Բեգլարյանը։

Հավասար մրցակցային պայմանների ու ստվերի դեմ պայքարը, ըստ գործարարների, վարչապետը խոստացել է սկսել իրենից ու մերձավորներից, հորդորել է հավատալ իր ծրագրերին ու փոխըմբռնումով աշխատել։

Գործատուների միության նախագահի խոսքով, վարչապետի այս հավաստիացումները հույս են ներշնչել, որ իրավիճակը ոլորտում կշտկվի, չնայած որոշ գործարարներ նշել են, թե նման հանդիպումներ նախորդ վարչապետերի հետ ևս ունեցել են, բայց արդյունք չի եղել։

«Վարչապետն ասաց՝ իր մերձավորներից սկսած ... և ինքը անձամբ հետևելու է այդ խնդիրներին, և նաև ասաց, որ այն նախարարները, կամ իշխանության մյուս ներկայացուցիչները, որոնք ինտեգրված են կամ ունեն բիզնեսներ լինեն հավասար կանոնների դաշտում և բոլորը հավասարաչափ ենթարկվեն նույն սկզբունքներին»,- ասաց Մակարյանը։

Այսօրվա հանդիպմանը մասնակցած Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը բիզնես ոլորտի զարգացման երեք խոչընդոտներ է առանձնացնում՝ ճգնաժամ, ստվեր. շրջափակում։ Նա ևս պնդում է, որ մինչև հիմա կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել ստվերի դեմ պայքարում։

«Ես կարծում եմ՝ կարողանում են, բայց էդ չափով չէ, որով պետք է, հիմա հույսեր ունեմ, որ ամեն ինչը ավելի ճիշտ կարվի»,- ասաց Ճզմաչյանը։

Հավասար մրցակցային դաշտ ստեղծելու խոստումներ վարչապետը տվել էր նաև օրեր առաջ լրագրողների հետ զրույցում՝ պնդելով, թե պատրաստ է իր բիզնեսները, որոնց մասին մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, լրագրողներին նվիրել։