Չեխ պատգամավորները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Երևանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը՝ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ, այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Պատվիրակության ղեկավարը, նշելով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է ուսանողական տարիներին, իսկ առավել ծանոթացել և ուսումնասիրել է Հայաստան այցին նախապատրաստվելիս, ասել է․- «Առաջին անգամ ենք գտնվում այստեղ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդին, որին 99 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանության միջոցով ցանկացել են ոչնչացնել։ Հույս ունենք, որ ապագայում նման ոճրագործությունները չեն կրկնվի։ Չեխ ազգը, չեխ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը»։