Կրեմլը Ուկրաինայի և անջատականների միջև երկխոսություն սկսելու կոչ է անում

Ռուսաստանի կառավարությունը կոչ է անում Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչներին երկխոսություն սկսել ռուսամետ անջատականների հետ:

Կրեմլը հայտարարել է, որ հարգում է հանրաքվեների տեսքով «մարդկանց կամաարտահայտումը» Լուգանսկում և Դոնեցկում:

Լուգանսկում և Դոնեցկում ռուս անջատականները հայտարարել են, որ հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել ինքնավարության հաստատմանը:

Հանրաքվեները, որոնց չեն հետևել միջազգային դիտորդները, ապօրինի են ճանաչվել պաշտոնական Կիևի և արևմտյան մի քանի պետությունների կողմից:

Լրատվամիջոցները բազմաթիվ խախտումներ են արձանագրել քվեարկության ընթացքում, այդ թվում՝ բազմակի քվեարկության և երեխաների քվեարկության դեպքեր: