Կիպրոսի թուրքական հատվածի հայկական եկեղեցում ժամերգություն է անցկացվել

Վերջին հիսուն տարում առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատվածի հայկական եկեղեցում ժամերգություն է անցկացվել:

Կիրակի օրը Կիպրոսի երկու հատվածներում բնակվող հայ համայնքի մոտ 500 ներկայացուցիչներ հավաքվել են Լեֆկոսա քաղաքի հայկական եկեղեցում և մասնակցել ժամերգությանը:

Եկեղեցական արարողությանը մասնակցել են նաև Կիպրոսում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լիզա Բատենհեյմը, մի քանի դիվանագետներ և Հալա Սուլթան Մզկիթի իմամ Սևքեթ Ալեմդարը:

«Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատարագի մասնակիցներից Գորա Թերզյանն ասել է, որ ավարտել է այդ եկեղեցուն կից դպրոցը և սա իր տունն է համարում: Նա հույս է հայտնել, որ նման քայլերը կարող են աջակցել կիսված կղզում խաղաղության գործընթացին:

Ժամերգության մասնակիցներից Գուլա Կասաբյանն էլ ասում է, որ հիսուն տարվա ընդմիջումից հետո եկեղեցում արարողություն անցկացնելը վկայում է, որ հնարավոր է խնդիրները կարգավորել կղզու երկու կողմերի միջև:

Կիպրոս կղզին բաժանված է հունական և թուրքական մասերի 1974 թվականից ի վեր: