Հայաստանը ողջունում է Կալիֆորնիայի խորհրդարանի բանաձևը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ի պատասխան News.am լրատվական գործակալության հարցի երեկ ասել է Նալբանդյանը։

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևը Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունեց մայիսի 8-ին։