Ուկրաինացիների մեծամասնությունը միացյալ պետության կողմնակից է

Pew Research Center կենտրոնի լոգոն

Ռուսներն ու ուկրաինացիները հիմնականում դրական են վերաբերվում միմյանց։
Pew Research Center վերլուծական կենտրոնի նոր հետազոտության համաձայն՝ ուկրաինացիների գերիշխող մեծամասնությունը կնախընտրի ապրել միացյալ պետությունում։

Հետազոտությունն անցկացվել է Ղրիմի բռնակցումից հետո, բայց Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում բռնկված վերջին արյունալի բախումներից առաջ։

Ուկրաինացիների մեծ մասը բացասական է գնահատում Ռուսաստանի դերն այս կոնֆլիկտում։ Հարցվածների 77 տոկոսը միացյալ երկրի աջակից է, ընդ որում՝ արևմտյան շրջաններում այդ թիվը հասնում է 93 տոկոսի։ Ուկրաինացիների 14 տոկոսն էլ ընդունելի է համարում անջատվելու տարբերակը։

Հետաքրքիր է, որ ռուսամետ համարվող արևելյան հատվածի բնակիչների 70 տոկոսն էլ է ցանկանում ապրել միացյալ երկրում։ Իսկ բացառապես ռուսախոս բնակիչների շրջանում 58 տոկոսն է միացյալ երկրի գաղափարի աջակից։

Եվ միայն Ղրիմում է գերակայում անջատման տարբերակը, որի օգտին արտահայտվել է հարցվածների 54 տոկոսը։

Pew Research-ը հետազոտություն է անցկացրել նաև Ռուսաստանում։ Զեկույցում ասվում է, որ ռուսաստանցիների 83 տոկոսը վստահում է նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանը․ 2012 թվականին այդ մարդկանց թիվը 69 տոկոս էր։

Ռուսաստանցիների 84 տոկոսի համոզմամբ՝ Ղրիմի անկախացման հանրաքվեն ազատ էր և դեմոկրատական, իսկ 89 տոկոսը ենթադրում է, որ Կիևը պետք է ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Հետազոտությունը վկայում է, որ էթնիկ ռուսները և էթնիկ ուկրաինացիներն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում միմյանց, սակայն առկա են էական տարբերություններ, երբ խոսքը լեզվի և կառավարման մասին է։

Արևմտյան Ուկրաինայում բնակիչների երկու երրորդը համոզված է, որ միայն ուկրաիներենը պետք է լինի պետական լեզուն, մինչդեռ Արևելյան Ուկրաինայում 73 տոկոսը ենթադրում է, որ պետական լեզվի կարգավիճակ պետք է տրվի և՛ ուկրաիներենին, և՛ ռուսերենին։

Հետազոտությունը վկայում է, որ ուկրաինացիները ռուսների համեմատությամբ ավելի դրական են վերաբերվում Եվրամիությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Ուկրաինայում հարցվածների 33 տոկոսը բացասական է գնահատում Եվրամիության դերը, 45 տոկոսը` դրական, 38 տոկոսը բացասական է տրամադրված Ամերիկայի նկատմամբ, նույնքան բնակիչներ` 38 տոկոսը` դրական։

Իսկ Ռուսաստանում Եվրամիության և Ամերիկայի հանդեպ դրական վերաբերմունք ունի մարդկանց ընդամենը 22 տոկոսը, մինչդեռ՝ բացասական կարծիք է հայտնել 67 տոկոսը։