Պետդեպարտամենտ․ «Ուորլիքը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը»

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը Քարնեգի հիմնադրամում արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:

Ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես ասել է Փսաքին։

Խոսնակը նաև նշել է, որ Ուորլիքը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավատարմությունն այդ գործընթացին։

Հարցին՝ կա՞ արդյոք որևէ կապ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և ղարաբաղյան բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու միջև, և առկա՞ է արդյոք մտավախություն, որ տարածաշրջանում կարող է մեկ այլ զինված հակամարտություն ծագել, ինչը ԱՄՆ-ը փորձում է կանխել՝ ակտիվացնելով գործընթացը, Փսաքին արձագանքել է․ - «Ես տեղյակ չեմ որևէ կապի մասին: Ակնհայտ է, որ մենք նվիրված ենք մնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին և մնում ենք համանախագահ: Եվ ձեզ ծանոթ են մեր ջանքերը Ուկրաինայում: Տեղյակ չեմ այս երկուսի միջև որևէ կապի մասին»:

Պետդեպարտամենտի խոսնակը, պատասխանելով մեկ այլ հարցի, վստահեցրել է, որ ծանոթ չէ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությանը, և խոստացել է հետաքրքրվել: