Ալասանիա. «Պատրաստ ենք մեր փորձը փոխանցել ուկրաինացիներին»

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Պատրա՞ստ է արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքը ուղղակի ռազմական ներկայություն ապահովել Վրաստանի տարածքում` մասնավորաբար հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելով այդ երկրում:

Հիշեցնեմ, օրերս նման նախաձեռնությամբ հանդես եկավ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Հյուրընկալվելով «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում` Ալասանիան հաստատեց, որ Միացյալ Նահանգներ կատարած իր վերջին այցի ընթացքում նա ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է նաև այդ հարցը:

«Այժմ հաջորդ քայլը կատարելու լավագույն պահն է: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի հարաբերությունների մյուս փուլը լինելու է գործողությունների պլանի տրամադրոմը, ինչը դեռևս անդամակցություն չի նախատեսում: Բայց եթե խոսում ենք անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին, նշանակում է, որ մեզ անհրաժեշտ են լինելու առավել մեծ քանակությամբ պաշտպանական կարողություններ` և' զրահատեխնիկայի դեմ կիրառվող, և' հակաօդային պաշտպանության», - նշում է Վրաստանի պաշտպանության նախարարը` կտրականապես մերժելով այն մոտեցումը, թե դաշինքի կողմից նման քայլը կարող է սադրել Մոսկվային ինչ-ինչ կտրուկ քայլերի:

«Այդ մոտեցումը բնորոշ էր Ղրիմի իրադարձություններին նախորդող շրջանին: Այժմ արդեն նոր իրականություն է ձևավորվել: Այդ իրականությունը ձևավորում է հենց Ռուսաստանը` խախտելով ու ոտնահարելով այն բոլոր համաձայնագրերը, որ կնքվել են Ուկրաինայի շուրջ ամերիկացիների և Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ: 2008-ին [Վրաստանում] նույն պատկերն էր: Սխալ է կարծել, թե հնարավոր է անել ևս ինչ որ բան, որն է'լ ավելի կգրգռի Ռուսաստանին: Ստեղծված իրավիճակում միակ լուծումը պատժամիջոցների և ռազմական զսպման խելամիտ համարդությունն է», - նշում է Իրակլի Ալսանիան:

Վրաց նախարարը, սակայն, նշում է, որ սրան զուգահեռ Թբիլիսին չի հրաժարվի Մոսկվայի հետ երկխոսության ծավալման գաղափարից: Ավելին` ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող ռազմական կարողությունները Վրաստանը չի օգտագոծելու է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի դեմ. - «Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ այս խնդիրները չունեն ռազմական լուծում: Բացառվում է, որ Վրաստանի դեօկուպացիան սկսվի ռազմական ուժի կիրառմամբ: Մենք դա հստակորեն ասել ենք նաև աբխազներին ու օսերին: Մեր համոզմամբ` բոլոր խնդիրների լուծման բանալին հասարակությունների միջև շփումների ակտիվացումն է: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ բաց ենք առողջապահության, հումանիտար և տնտեսական ոլորտներում երկկողմ շփումների համար»:

Խոսելով Ուկրաինայում ստեղծված իրադրության մասին` Վրաստանի պաշտպանության նախարարը նշում է: - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ուկրաինան հաջողության հասնի, քանի որ նրանք մեր վաղեմի բարեկամներն են ու մեզ համար շատ ծանր պահերին օգնության են եկել: Մենք պատրաստ ենք օգնել ուկրաինացիներին մեր հնարավորությունների չափով: Խոսքը, իհարկե, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին անմիջականորեն մանակցելու մասին չէ: Դրա հետ մեկտեղ մենք Ռուսաստանի հետ մեր հակամարտությունից դասեր ենք քաղել և որոշակի փորձ ձեռք բերել: Մենք պատրաստ ենք կիսել այդ փորձը», - ասում է Ալասանիան:

Ուկրաինայի խնդրում, ի դեպ, Ալսանիայի տեսակետները գրեթե լիովին համըկնում են Վրաստանի բնակչության մեծամասնության մոտեցումներին: Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի անցկացրած վերջին հարցման համաձայն, Վրաստանի բնակչության 62 տոկոսը համոզված է, որ ուկրաինական ճգնաժամի ողջ մեղքը ռուսական կողմինն է: Վրացիների 66 տոկոսը դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ 46 տոկոսի համոզմամբ` Վրաստանւը պետք է հավելյալ քայլեր ձեռնարկի Ուկրաինային աջակցելու համար: Այդ քայլերը կարող են ներառել Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը, պատժամիջոցները Մոսկվայի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի հետ մշակութային կապերի լիակատար բոյկոտը: