Ադրբեջանը հայտնում է հայի հայրենադարձման մասին

Այս տարվա ապրիլի 20-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուռահմանլի գյուղի մերձակայքում ձերբակալված 58-ամյա հայ Վագիֆ Ռուբենի Մաելյանը այսօր «հակառակ կողմին» է վերադարձվել հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ գործընթացը, որն ավարտվել է առանց միջադեպերի, իրականացվել է հիշյալ հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Մաելյանի [ամենայն հավանականությամբ՝ Մաիլյան] գերեվարման մասին նախկինում չէին հաղորդել ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական կողմերը, նրա հայրենադարձման մասին էլ առայժմ միայն ադրբեջանական կողմն է հայտնում: