Gallup. Հայաստանում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են

Հայաստանյան թերթերը, արխիվ

Հասարակական կարծիքն ուսումնասիրող Gallup ընկերության անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ շատ երկրներում համոզմունքը, թե մամուլն ազատ է, անկում է ապրում:

132 երկրներում 2013 թվականին անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63 տոկոսն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, և 26 տոկոսը` որ ազատ չէ: Սա, ի դեպ, 2010 թվականից ի վեր մամուլի ազատության առումով ընկալումների ամենացածր մակարդակն է:

Ու չնայած ընդհանուր այս միտումին, Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են․ փաստացի 2010 թվականից ի վեր առաջին անգամն է, որ Gallup-ի հարցման ընթացքում Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեև տարբերությունը մեծ չէ` միայն մեկ տոկոս: Gallup-ի հարցին` «արդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը», Հայաստանում հարցվածների 44 տոկոսը դրական պատասխան է տվել, 43 տոկոսը՝ բացասական:

Առաջին անգամն է նաև, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնակում: Նախորդ տարիների զեկույցներում Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ընկալումը շատ ավելի հոռետեսական է եղել:

Այսպես` առաջին հարցման ընթացքում, որը Gallup-ն անցկացրել է 2010 թվականին և արդյունքները հրապարակել 2011-ին, Հայաստանում միայն 29 տոկոսն է ասել, որ մամուլն ազատ է, 47 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկրում լրատվամիջոցները ազատորեն չեն գործում: Հաջորդ տարի` 2011 թվականն ամփոփող հարցման մեջ Հայաստանում մամուլն ազատ համարողների թիվը չի փոխվել՝ 29 տոկոս, մինչդեռ ավելացել է լրատվամիջոցների գործունեությունը ոչ ազատ գնահատողների թիվը` դառնալով 52 տոկոս: 2012 թվականին վերաբերող և անցած տարի հրապարակված հարցման արդյունքներով թեև Հայաստանը կրկին վերջին տասնյակում է հայտնվել, սակայն արդեն մամուլի գործունեությունն ազատ գնահատողների թիվն էապես աճել է` 35 տոկոսն է այդպիսի կարծիք հայտնել, միևնույն ժամանակ, կրճատվել է նրանց թիվը, ովքեր Հայաստանում մամուլի գործունեության մեջ ազատություն չեն նկատել` 49 տոկոս:

Ուշագրավ է, որ Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներում այս տարի ավելացել են նաև Լեռնային Ղարաբաղից ստացված տվյալները: Դրանց համաձայն՝ Ղարաբաղում առավել տարածված է այն տեսակետը, որ իրենց մոտ լրատվամիջոցներն ազատ են` 63 տոկոսն է այդպես պատասխանել, և 29 տոկոսն է միայն ասել, որ մամուլն ազատ չէ:

Gallup-ի հրապարակած վերջին հարցախույզի տվյալներով` Հայաստանի հարևան Վրաստանում հարցվածների կեսից ավելին կարծում է, որ լրատվամիջոցներն ազատ են, 31 տոկոսը պնդել է հակառակը: 2012-ի համեմատությամբ Վրաստանում մի քանի տոկոսով աճել է վստահությունը իրենց երկրում լրատվամիջոցների ազատ գործունեության վերաբերյալ:

Ուշագրավ է իրավիճակը Ադրբեջանում. չնայած այդ երկրում ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ գնալով սաստկանում են՝ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հարցումների ընթացքում ասում են, թե լրատվամիջոցները ազատ են գործում իրենց երկրում: Gallup-ի վերջին հարցման ընթացքում այդպես է պատասխանել 61 տոկոսը՝ 2012 թվականի համեմատությամբ 9 տոկոսով աճել է Ադրբեջանի լրատվամիջոցներն ազատ համարողների թիվը: 2013 թվականի հարցման ընթացքում լրատվամիջոցների ոչ ազատ գործունեության մասին կարծիք է հայտնել հարցված ադրբեջանցիների 27 տոկոսը, ինչը նախորդ զեկույցի համեմատությամբ պակաս է 6 տոկոսով: