Ֆլեթչերի դպրոցում քննարկվել է Ղարաբաղի խնդիրը

ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում շաբաթասկզբին տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «կլոր սեղան»՝ «Խաղաղության հետքերով» (In Pursuit of Peace) խորագրով:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի ստորագրման 20-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր ելույթում ընդգծել է համապարփակ և կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցության վերականգնման և հակամարտող կողմերի միջև վստահության բարձրացման միջոցառումների իրականացման կարևորությունը: Նա նաև ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերող գաղափարներ: