Իրավիճակը Արևելյան Ուկրաինայում կրկին սրվել է

Ուկրաինա - Ուկրաինացի զինվորականները Սլովյանսկի մոտ գտնվող հսկիչ անցակետում, 29-ը ապրիլի, 2014թ․

Արևելյան Ուկրաինայում իրավիճակը կրկին սրվել է։ Սլովյանսկ քաղաքը վերահսկող ռուսամետ ուժերը հայտարարել են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողությամբ փորձում են ետ գրավել քաղաքը։ Reuters լրատվական գործակալության լուսանկարչի վկայությամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռները գնդակոծել են քաղաքի ծայրամասերը։ Սլովյանսկում կրակոցներ են հնչում։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի օգնականը հայտարարել է, որ գործողությունը չեն մեկնաբանի, մինչև այն չավարտվի։

Ռուսամետ գրոհայինները Սլովյանսկում պատանդ են վերցրել քաղաքապետին, Ուկրաինայի հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցների, մի խումբ լրագրողների և ԵԱՀԿ-ի յոթ դիտորդների։