Պարարվեստի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում

Այսօր նշվող Պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Հայաստանում մեկնարկել էին արդեն երեկվանից․ տեղի են ունեցել տարբեր պարային համույթների համերգներ:

Իսկ երեկոյան Սունդուկյանի անվան թատրոնոմ նախատեսված է մեծ համերգ-փառատոն, որին կմասնակցեն նաև հարևան Վրաստանից ժամանած պարային խմբեր, այդ թվում` հայաբնակ Ջավախքից:

Տոնական համերգի կազմակերպիչը «Միլեն» շուո-բալետ պարային դպրոցի ղեկավար Արթուր Եղոյանն է: «Ազգերի բարեկամություն» խորագրով այս համերգը, նրա խոսքով, անցկացնում են իրենց գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համերգից առաջ հայկական և վրացական պարային խմբերը Սունդուկյանի անվան թատրոնի պուրակում անցկացրեցին պարային դեֆիլե: Իսկ վաղը բազմաթիվ պարային խմբերի մասնակցությամբ բացօթյա համերգ կկայանա Գարեգին Նժդեհ հրապարակում՝ նվիրված պարարվեստի միջազգային օրվան և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը:

Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ Յուրի Տորաձեն շեշտեց, որ արվեստը, մշակույթը մեծ դերակատարություն ունեն ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Տորաձեի փոխանցմամբ՝ Վրաստանում ավելի քան 500 հազար մարդ է ընդգրկված պարային համույթներում: Նա տեղեկացրեց նաև, որ արդեն չորրորդ տարին է Վրաստանում անցկացվում է պարի միջազգային փառատոն, որին մասնակցում են նաև հայաստանյան պարային համույթներ: Իսկ հունիսի 11-ը Վրաստանում նշվում է իբրև Պարարվեստի օր:

Արթուր Եղոյանն ասաց, որ իրենք էլ մտադիր են նման մի օր ստեղծել Հայաստանում: