«Դեմ եմ»-ը գոհ չէ վարչապետի վերջին հայտարարություններից

Your browser doesn’t support HTML5

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման ակտիվիստները դժգոհ են վարչապետի վերջին հայտարարություններից:

Նրանք պնդում են, որ իրենց բարձրացրած հարցերը տեղ չեն գտել ո՛չ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարության, և ոչ էլ Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծում:

«Երբ որ մենք պահանջը ներկայացրեցինք այնտեղ հստակ մի քանի կետ էին, և ոչ միայն սա էր: Օրինակ՝ ստեղծել միջոցներ քաղաքացու կամարտահայտման համար, որի մասին ոչ մի խոսք չեղավ: Այսինքն՝ 76-րդ հոդվածի կասեցումը ընդամենը նշանակում է՝ գործատուն շարունակում է պարտք մնալ, բայց պարտք մնալու համար իրեն տույժի չեն ենթարկելու: Բայց դա արդեն իսկ անթույլատրելի է, որովհետև սա կարող էր լինել առաջին քայլը, հաջորդ քայլ պետք է հետևի արդեն՝ ՊԵԿ-ի հաշվետվության ձևի փոփոխում, որպեսզի հնարավոր լինի այդ պարտքը չկուտակել, մեխանիզմների մշակում փողերի հետ վերադարձնելու համար: Ընդ որում, կարևոր հանգամանք ևս՝ ֆոնդերի ավտոմատ ընտրման մեխանիզմը ևս շարունակում է գործել, դրա մասին ևս ոչ մի խոսք չեղավ», - ասում է «Դեմ եմ»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը, - «Եվ հայտարարության մեջ նաև կոչ էր եղել, որ՝ շարունակեք վճարումներ կատարել, որը անձամբ ես անիմաստ եմ համարում․ սեպտեմբերի 30-ից արդեն այս օրենքը ուժի մեջ չի լինելու: Նաև այս նախագծում կար 76-րդ հոդվածի գործողության վերականգնման մասին դրույթ, որը նույնպես ես անիմաստ եմ համարում՝ ի՞նչ է նշանակում հոդվածի վերականգնում, եթե օրենքը ամբողջությամբ պետք է փոփոխվի»:

Գորգիսյանը շեշտում է, որ Կառավարության այսօրվա առաջարկը միայն օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին է և որևէ կերպ չի անդրադառնում իրենց հիմնական պահանջներին: Միակ ուրախացնող հանգամանքը, ըստ Գորգիսյանի, այն է, որ օրենքի նախագծում հստակ նշվում է, որ գործատուն ազատվում է հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված տույժերից: Բաց է մնում հարցը՝ ի՞նչ կլինի ապրիլից հետո:

Ակտիվիստների համար անհասկանալի է մնացել նաև վարչապետի հայտարարությունը, որի համաձայն՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված:

«Ինչ-որ ձև դա կփորձեն պարտադրել, ավելի շուտ: Ու հենց պարտադրանք կլինի՝ եթե ինչ-որ բան պարտադիր է, առանց պարտադրանքի դա չի կարող լինել», - մեկնաբանում է նա:

Բավարարված չլինելով վարչապետի այս հայտարարությունից և առաջարկված օրենքի նախագծից՝ «Դեմ եմ» շարժումը շարունակելու է պայքարը, քանի դեռ խնդիրները լուծված չեն: Պատարաստ են մասնակցել նոր մշակվող օրենքի շուրջ քննարկումներին, մտածում են նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին, միևնույն ժամանակ ընդգծում՝ առաջնորդվելու են ոչ թե պաշտոնյաների հայտարարություններով ու խոստումներով, այլ կոնկրետ և հստակ քայլերով: