Շինարարների 15 շենքն ապամոնտաժվում է, իսկ այնտեղ դեռ մարդ է բնակվում

Your browser doesn’t support HTML5

Արդեն երկրորդ ամիսն է հաշմանդամ, շաքարախտով հիվանդ Սամվել Ադամյանն ապրում է քաղաքապետարանի կողմից քանդվող շենքում՝ առանց ջրի ու հոսանքի։
Չնայած պատկան մարմինների զգուշացումներին՝ Ադամյանը չի հեռանում տարածքից ու պահանջում է համարժեք փոխհատուցում տրամադրել։ Ասում է՝ ունեցած 60 քառակուսի մետր բնակարանի դիմաց 7 հոգանոց ընտանիքը ստացել է 43 քառակուսի մետր։ Չնայած գոհ չեն եղել, բայց ընտանիքի մյուս անդամները՝ նորածին երեխայի հետ, ստիպված տեղափոխվել են, մինչդեռ ինքը հին տնից դուրս գալ չի պատրաստվում։

«Ես ասում եմ՝ ես ու իմ նախկին կինը ամուսնալուծված ենք, համ ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ահավոր վիճակ է ու մի սենյականոցի մեջ 7 անձով ապրում ենք։ Ես ոնց ապրեմ այդ մեկ սենյականոցում»,- ասաց Ադամյանը։

Ադամյանների փաստաբանը պնդում է, թե կառավարության 2000 թվականի 682 որոշման համաձայն, քաղաքապետարանը պարտավոր էր բազմանդամ ընտանիքին ավելի մեծ բնակարան հատկացնել։ Հատկապես, որ փաստեր ունեն՝ նույն շենքում 1 սենյակի դիմաց հարևանները՝ 2-3 սենյականոց բնակարաններ են ստացել։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, մենք գտնում ենք, որ այս հարցն ավելի շատ ենթակա է քրեաիրավական գնահատականի, քանի որ այստեղ մենք կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում։ Ադամյանների ընտանիքին առնվազն երեք սենյակ պետք է տրվեր։ Սամվել Ադամյանը 1997 թվականից ամուսնալուծված է, բայց միասին ապրում են այս հասցեում՝ որպես տարբեր ընտանիքներ, այսպես կարելի է ասել։ Պետք է դիտարկվեր և հատկացվեր ավելի մեծ բնակարան»,-ասաց Ադամյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը։

Քաղաքապետարանում, սակայն, հերքում են բոլոր մեղադրանքները ու պնդում, որ առաջնորդվում են բոլորովին այլ հաշվարկներով՝ մեկ սենյականոցի դիմաց մեկ սենյականոց, առանց հաշվի առնելու, թե քանի հոգի է այնտեղ բնակվում։ Ընդ որում, թե քաղաքապետարանը, թե քանդվող շենքում մնացած տարեց Ադամյանը զիջումների գնալ չեն պատրաստվում։ Փլատակների հարևանությամբ ապրող տարեց մարդն ասում է՝ իրենց այլևս ոչինչ չի վախեցնում, քաղաքապետարանն էլ սպառնում է անհրաժեշտության դեպքում օգնության կանչել ոստիկաններին։