Հարյուր տարի անց թուրքերը դեռ տառապում են խղճի խայթից Ցեղասպանության պատճառով

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործների նման:

Թուրք ղեկավարների լարված հոգեվիճակը կարելի է բացատրել «գող՝ սիրտը դող» ասացվածքով, չնայած նրանց չքմեղանքին, քաջատեղյակ լինելով, որ իրենց նախնիներն իսկապես իրագործել են պատմության տարեգրության մեջ ամենահրեշավոր ոճրագործություններից մեկը՝ ցեղասպանությունը...

Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման ևս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի և նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձև է հավանության արժանացնում:

Չնայած երկրի ներսում և դրսում թուրքական կառավարության բազմաբնույթ տագնապներին՝ Անկարայի պաշտոնյաները Սենատի ընդունած Ցեղասպանության բանաձևը դարձրեցին իրենց առաջնահերթությունը: Վարչապետ Էրդողանը մի քանի օրով մի կողմ թողեց իր բռնապետական ոտնձգությունները Ֆեյսբուքի, Յություբի և Թվիթերի դեմ, որոնցով ձգտում էր թաքցնել իր և որոշ նախարարների բազմամիլիոն դոլարների լվացման և կաշառակերության ծրագրերը: Նա նաև անտեսեց գաղտնալսված զրույցները, որոնց ընթացքում արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դավեր էին նյութում սահմանի ուղղությամբ Թուրքիայի վրա հարձակումներ կազմակերպելու համար, որը հետագայում պետք է օգտագործվեր որպես պատրվակ Սիրիայի վրա հարձակվելիս ջիհադական ահաբեկիչների աջակցության համար, որոնք անհաջող պայքար են մղում Ասադի վարչակարգի դեմ:

Սենատի որոշումից դժգոհ, Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձևը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունը է՛լ ավելի կոշտ արձագանքեց՝ մեղադրելով հանձնաժողովին «իր իրավասությունը և պատասխանատվությունը» գերազանցելու մեջ: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձևի ընդունումը:

Այս գործի մեջ ներքաշվեց նաև խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք - ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հյուրիյեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձևն արյան ճնշում կբարձրացնի Անկարայում… Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձևերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի...

Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ հրապարակեցին Ցեղասպանության բանաձևի մասին, պնդելով, որ այդ ձեռնարկն այլևս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչև ապրիլի 24-ը, կամ որ բանաձևն անիմաստ է, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի: Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի տարբերակները համատեղ բանաձևի մաս չեն կազմում և կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:

Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն ձևով, հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձևին, անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թենեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Ուիսքոնսին) և Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք այն հինգ հանրապետական սենատորներն են, որոնք դեմ քվեարկեցին: Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձևին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դըրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն ՄըքՔեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):

Բանաձևի անսպասելի հետևանքներից մեկը խորացող պառակտումն էր Թուրքիայում առկա երկու հզոր ուժերի՝ վարչապետ Էրդողանի և ազդեցիկ իսլամական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի միջև: Էրդողանը մեղադրեց Գյուլենի աջակիցներին «հայկական լոբբիի» կողմից լինելու համար՝ նվիրաբերելով 10 հազար դոլար սենատոր Մենենդեսի քարոզարշավին: Թուրք - ամերիկյան միությունը հերքեց Էրդողանի մեղադրանքները, հայտարարելով, որ իրենք «միշտ դժգոհություն են արտահայտել Մենենդեսին բանաձևերի վերաբերյալ, որոնք վշտացնում են թուրքերին և ադրբեջանցիներին»: Թուրք-ամերիկյան միության պաշտոնյաները խոստացել են դատի տալ թուրք լրագրողներին այն պնդումների համար, որ իրենց կազմակերպությունն աջակցել է Հայկական բանաձևին:

Որպես եզրակացություն. հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը և Ներկայացուցիչների պալատի բանաձևերը 1975 և 1984 թվականներին: Այս բանաձևերը պարզապես ծառայում են որպես հարմար միջոց Հայոց ցեղասպանության հարցը որպես օրախնդիր պահելու և լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա բևեռելու համար: Բացի այդ, բանաձևերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձևերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:

Նման բանաձևեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձև են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալով թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի