Վթարային շենքի պատը փլուզվել է, բնակիչները տանը չեն գիշերել

Your browser doesn’t support HTML5

Երեկ երեկոյան սենյակի արտաքին պատի փլուզումից հետո տիկին Մելինեն իր որդու հետ տանը չգիշերեց:
Երեկ երեկոյան սենյակի արտաքին պատի փլուզումից հետո տիկին Մելինեն իր որդու հետ տանը չգիշերեց: Այս պահին փլուզված սենյակը չի օգտագործում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցքի 15-րդ շենքը եզրագծված է ժապավենով՝ փլուզման վտանգ կա:

«Ուժեղ դղրդյուն լսվեց, երկրաշարժի նման, միանգամից դուրս եկանք, տեսանք փլվել է», - «Ազատության» հետ զրույցում երեկվա միջադեպի մասին պատմեց բնակիչներից Մարիետա Գասպարյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից բնակիչներին հայտնել են, որ այդտեղ ապրելն անվտանգ չէ:

Առհասարակ իր բնակարանում չի գիշերում նաև շենքի առաջին հարկի բնակիչը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ տուն է գալիս ցերեկները՝ մաքրելու առաստաղի ճաքերից թափված ավազը, իսկ գիշերում է քրոջ տանը, քանի որ վախենում է, որ առաստաղը գլխին կընկնի:

Այս շենքը վթարայինի կարգավիճակ ունի դեռ 1981 թվականից: Քաղաքային իշխանություններն ընդունում են, որ շենքը առաջնահերթության կարգով ենթակա է քանդման, իսկ այնտեղ բնակվող ընտանիքները պետք է ապահովվեն նոր բնակարաններով: Դրա համար միջոցներ, սակայն, մինչ օրս չեն գտնվում:


Բնակիչներից Գոհար Հակոբյանը ցույց էր տալիս բազմաթիվ դիմումները, որոնք ուղղվել էին տարբեր ատյաններ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարան: Նրա խոսքով, ամեն անգամ նույն շաբլոն պատասխանն են ստանում: Վերջին պատասխանը քաղաքապետարանից ապրիլի 1-ին են ստացել:

«Այնտեղից գրում են, որ ընտանիքները համապատասխան բնակելի ֆոնդի դեպքում ենթակա են վերաբնակեցման: Սա մենք գիտենք, անընդհատ նույն ծեծվող նախադասություններն են գրում», - ասաց Գոհար Հակոբյանը:

Նշենք, որ Կառավարությունը մարտի 13-ի որոշել էր Երևանի քաղաքապետարանին փոխանցել 2 մլրդ դրամ` քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով։ Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ պարտավորություն են ստանձնել 2015-ին ավարտել 4 շենքերի կառուցումը, որտեղ կվերաբնակեցնեն 4-րդ աստիճանի վթարային շենքերի մոտ 450 ընտանիքների: