Նախագահ Սարգսյանն այցելել է Թեղուտի հանքավայր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը։

Լոռու մարզում Սերժ Սարգսյանն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:

«Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաև Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:

«Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Զեկուցվել է նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»:

Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

«Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Լոռու մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին: