Քաղաքացիական հասարակությանը մտահոգել է Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի վերջին հայտարարությունները։
Նախարարությունում հրաժարվեցին պաշտոնական մեկնաբանություններից, միայն ընդգծելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որի «օգնությամբ ու օժանդակությամբ» է նաև ապահովվում Հայաստանի անվտանգությունը։

Դեսպան Վոլինկինը օրեր առաջ ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաժողովի ժամանակ Ուկրաինայի և Ղրիմի մասին խոսելիս էր հայտարարել, թե՝ Մոսկվան կկասեցնի իր բարեկամ երկրների ներքին գործերին Ռուսաստանի մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն։

Իշխող Հանրապետական կուսակցությունում որևէ վտանգ, կամ երկրի ներքին գործերին միջամտելու որևէ մտադրություն չեն տեսնում դեսպանի այս հայտարարություններում, համաձայնելով, որ դա չի կարող նրա զուտ անձնական տեսակետը լինել։

«Մենք ունենք բարձր կարգի ռազմավարական գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, և շահագրգռված ենք դրանց զարգացմամբ։ Այդ հարաբերությունները նախ և առաջ ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման և ակնհայտ սպառնալիքների զսպաշապիկի դերակատարություն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը,- «Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրմամբ մենք տեսնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունների նոր փոխշահավետ հնարավորություն։ Եվ ես չեմ կարծում, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները պետք է այլ մեկնաբանություններ ունենան, քան երկու ինքնիշխան պետականությունների երկարաժամկետ գործընկերություն»։

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում Ռուսաստան դեսպանի հայտարարության մեջ առկա անորոշության վրա և հարցնում է՝ արդյո՞ք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորող պայմանագրային բազան թույլ է տալիս նման միջամտություն:

«Որոշակի սպառնալիք տեսնում եմ, որովհետև ոչ մի տեղ ամրագրված չէ, թե ինչպիսի գործողություններ նկատի ունեն: Ոչ մի պայմանագրի մեջ։ Եթե դա որևէ տեղ արձանագրված չէ, մենք չենք կարող համոզված լինել, որ այդ գործողությունները ակնհայտորեն և միանշանակորեն կբխեն Հայաստանի շահերից»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը։

«Պարոն դեսպանը և նրա ղեկավարությունը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը տեր ունի և այդ տերը հայ ժողովուրդն է ու Հայաստանի քաղաքացին: Եվ որ նրանք են որոշում, թե որ գաղափարներն են խորթ», - Իվան Վոլինկինի հայտարարությանն այսպես է արձագանքել Նախախորհրդարանը՝ հայ ժողովրդի «ազգային արժանապատվության համար անընդունելի» համարելով նման վարքագիծը։

«Դրանում, եթե թարգմանենք մարդկային լեզվի, ասվում է, որ Յանուկովիչը և Սերժ Սարգսյանը լավ է, դա լավ է Կրեմլի համար, ուրեմն պետք է որ լավ լինի և ձեզ համար՝ ուկրաինացիների, հայերի համար։ Իսկ կոռուպցիայից ազատվելու, կաշառակերությունը և կեղծիքը վերացնելու, սպառնալիքի միջոցով քաղաքականություն վարելու ձեր հույսերը և փորձերը սին են և պատժվելու են ցանկացած դեպքում, եթե դուք փորձեք դա իրականացնել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, - «Այսինքն՝ ոչ մի Մայդան այլևս, ոչ մի Օպերայի հրապարակ այլևս։ Գիտակցելով, որ անխուսափելի է քաղաքակրթական, սոցիալական քաղաքական և քաղաքացիական ապստամբությունը, պայթյունը, Ռուսաստանը հիմա շտապում է արդեն սպառնալիքներով հետ պահել»։

«Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի անկախությունը ներկայումս կրում է զուտ ձևական բնույթ, մեզ համար դա խիստ վտանգավոր է» ,- կարծում է քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Դեսպանի նման հայտարարությունից հետո նա պետք է կանչվեր Արտգործնախարարություն, բողոքի նոտա տրվեր, որ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե Հայաստանում ինչ պետք է արվի և ինչ պետք է չարվի։ Դա, մենք տեսնում ենք, որ տեղի չունեցավ, որ Հայաստանի դիվանագիտությունը որպես այդպիսին կրում է զուտ դեկորատիվ բնույթ, գոնե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում։ Հայաստանի սուվերենությունը դե ֆակտո սահմանափակված է, սահմանափակված է Ռուսաստանի ցանկություններով, Ռուսաստանի կապրիզներով, և դեսպանը նաև զգուշացնում է իր հայտարարությամբ, որ այս իրավիճակը ոչ միայն շարունակվելու է, այլև Ռուսաստանը պատրաստ է միջամտության, եթե պրոցեսները գնան իր համար ոչ ցանկալի ուղղությամբ։ Ցանկացած բան ոչ ցանկալի է, ինչը կարող է վտանգել Ռուսաստանի գերիշխանությունը մեր երկրում կամ մեր տարածաշրջանում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը, չբացառելով, որ դա կարող են լինել նաև օտարերկրյա կազմակերպությունները. - «Ամեն ինչ կարող է լինել, որովհետև դա կախված է միմիայն Պուտինի և իր մերձավոր շրջապատի պատկերացումներից»։