Երկրային կյանքն ավարտեց մեր ժամանակների մեծագույն գրողը

Երեկ 87 տարեկան հասակում վախճանվել է կոլումբիացի աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Անցած դարի 60-ականներից ի վեր լույս տեսած նրա «Հարյուր տարվա մենությունը», «Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում», համաշխարհային հռչակ ու ճանաչում բերած այլ ստեղծագործությունները ուղեկցում են մարդկանց իրենց ողջ կյանքի ընթացքում:

Մարկեսի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Հարյուր տարվա մենությունը» հայերեն թարգմանել ու հայ ընթերցողին է մատուցել գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:

«Ազատության» հետ զրույցում Հովսեփյանը համոզմունք հայտնեց, թե վիթխարի բաց պիտի լիներ մարդկության համար, եթե չլիներ Մարկեսի գրականությունը․ - «Քաղաքակրթությունն այնքան դեմքեր է տվել, համաշխարհային գրականությունն այնքան դեմքեր է տվել, որ կարծես թե նաև կարելի էր յոլա գնալ այդքանով, կարող էր մի ամբողջ հարյուր տարի նոր անուն դուրս չգար: Բայց այն սերունդը, որ պիտի ապրեր առանց նոր անունի գալու, երևի թե պիտի մի քիչ իրեն որբ զգար: Որովհետև ամեն հարյուրամյակ, ամեն սերունդ, կարծես թե, իր միջից էլ պիտի ունենա այն մեծությունը, որ արդեն իր ժամանակը կարողանա արտացոլի»:

Հովսեփյանի փոխանցմամբ՝ ժամանակին, երբ 1960-ականների վերջին «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում լույս տեսավ «Հարյուր տարվա մենությունը», Պարույր Սևակն էր ցանկություն հայտնել թարգմանել այն:

«Նա չհասցրեց, ու ես որոշեցի ինքս դա անել», - ասաց Հովսեփյանը: - «Որպես փորձ ես սկսեցի անել: Թարգմանության ընթացքում ես զգացի, որ, սա իմիջիայլոց Մարկեսի խոսքն է՝ թարգմանությունը ընթերցանության ամենալավ եղանակն է»:

Նա նշեց, որ մշտապես մեղքի զգացում է ունեցել Մարկեսի նկատմամբ, որ նրա վեպը ոչ թե բնագրից է թարգմանել, այլ ռուսերենից․ - «Հանկարծ պարզվեց ինձ համար, որ հայերենով ամեն ինչ կարելի է թարգմանել, որովհետև հրաշք լեզու ունենք․․․ Եվ դրա միջոցով մտնում ես նաև հեղինակի մտքի, զգացմունքների բոլոր ծալքերի մեջ: Ես ինձ համար թարգմանության ժամանակ բացահայտեցի Մարկեսին: Եվ ամեն նախադասությունը, որ ստացվում էր, իմ կարծիքով ստացվում էր, ես գլխի է ընկնում, որ սա պիտի հայ ընթերցողը նույնպես այդքան սիրի, ինչքան ես եմ սիրում: Որովհետև հնարավորություն էր տրվել մտնելու ամենախորխորատները իր արձակի: Ինչքան մտնում էիր այդ խորխորատները, այնքան տեսնում էիր, որ այդ գրականությունը ոչ թե հեռավոր Լատինական Ամերիկայում է կամ Կոլումբիայում է, կարծես քո երկրում լինի»:

«Հարյուր տարվա մենության» հայերեն թարգմանության լույս ընծայմանը հասարակության արձագանքը մեծ էր, բայց, Հովսեփյանի խոսքով, ներքին արձագանքն ավելի կարևոր էր․ - «Ներքինն էր ավելի շատ: Ես հանկարծ տեսա, որ նոր-նոր սկսող գրողները, նույնիսկ արդեն ոտքի կանգնած գրողները իրենցից անկախ արդեն Մարկեսի բարերար ազդեցության տակ են»:

Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործություններից շատերը դեռ սպասում են իրենց հայ թարգմանիչներին: