«Ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է»

Ադրբեջանի զինված ուժերի զորահանդեսը Բաքվում, արխիվ

Բաքուն «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ կապերի հետագա զարգացում է ակնկալում:
Ներկա պահին, ամփոփիչ տվյալներով, ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, հետո՝ Թուրքիան, հետո՝ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը:

Նա թվարկել է, թե վերջին ժամանակներում ինչ սպառազինություններ է ստացել Ադրբեջանը Ռուսաստանից, այդ թվում՝ Տ-90 տանկեր, Մի-35Մ տեսակի ռազմական ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հրանոթային ինքնաշարժ համակարգեր:

Մամեդովը նշել է, որ ներկա պահին իրականացվում է ռուսական ԱԿ-74Մ տիպի ինքնաձիգների արտադրությունը Ադրբեջանում: Ադրբեջանը ձեռք է բերել այդ ինքնաձիգների արտոնագիրը, առաջին փուլը՝ ինքնաձիգների հավաքման գիծը պատրաստ է, հիմա յուրացնում են արտադրության առանձին փուլերը:

Ադրբեջանը մասնակցել է Մալայզիայի սպառազինությունների ցուցահանդեսին, երեկ Մամեդովը այնտեղ է խոսել ռուսական գործակալության հետ:

Իսկ այս տարվա սեպտեմբերի 11-13-ը Ադրբեջանում անցկացվելու է սպառազինությունների ADEX-2014 ցուցահանդեսը: Մամեդովի խոսքերով՝ Բաքուն սպասում է, որ այդ ցուցահանդեսին ավելի կզարգանան կապերը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ: