Սիրիայում կռված ադրբեջանցին հայրենիքում ձերբակալվել է

Զինյալ ապստամբ Սիրիայում, արխիվ

Սիրիայում մարտերին մասնակցած 25-ամյա ադրբեջանցի Ահմեդ Հասանովը ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում՝ իրավապահ մարմինների օպերատիվ միջոցառումների արդյունքում, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի իրավապահները պարզել են, որ Հասանովը Սիրիա էր մեկնել ապօրինի ճանապարհով և յոթ ամիս մարտերի է մասնակցել զինված խմբավորումների կազմում:

Ահմեդ Հասանովին մեղադրանք է առաջադրվել «օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումներ կամ խմբեր ստեղծելու» համար:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում զոհվել են զինյալ ապստամբների տարբեր խմբավորումներում ընդգրկված հարյուրից ավելի ադրբեջանցիներ, որոնցից շուրջ երկու տասնյակը՝ այս տարվա առաջին ամիսներին: