Դաշնակցությունը մտադիր չէ մաս կազմել նոր ձևավորվող կառավարությանը

Դաշնակցությունը մտադիր չէ մաս կազմել նոր ձևավորվող կառավարությանը և շարունակելու է գործել ընդդիմադիր դաշտում, քիչ առաջ տարածած հայտարարությամբ տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ միաժամանակ հստակեցնելով, որ կուսակցությունը փորձելու է երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Վաղը մեկնարկելու է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը, որից առաջ կուսակցությունը հանրությանն է ներկայացնում իր դիրքորոշումները՝ կոալիցիա կազմել-չկազմելու շուրջ վերջնական որոշումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին:

Դաշնակցության Գերագույն մարմինն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ երկրում համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, ձևակերպել է քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում՝ նորից շեշտելով, որ իշխանությունների հանդեպ կուսակցության վերաբերմունքն ու գործակցության ձևաչափը պայմանավորված են լինելու հենց այդ փաթեթի իրագործման աստիճանով:

«Մենք հետևողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին», - ասված է ՀՅԴ ԳՄ հաղորդագրությունում:

Բաց պահելով հանրապետականի հետ համագործակցության դուռը՝ կուսակցությունը միաժամանակ ընդգծում է, որ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով հայաստանցիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ և արմատական բարեփոխումներ է պահանջում: Ուստի, ըստ Դաշնակցության, առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձևավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով: