Ալիև․ «Միջնորդների լավատեսությունը չարդարացավ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման միջնորդների լավատեսությունը չարդարացավ:

«Ինտեֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը, ելույթ ունենալով այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքները ամփոփող կառավարության նիստում, անդրադարձել է նաև Ղարաբաղի խնդրին՝ նշելով, թե այս եռամսյակում Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Չնայած միջնորդները անցած տարեվերջին որոշակի լավատեսական կարծիքներ էին հայտնում, բայց դրանք չարդարացան, ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա հայտարարել է, թե Հայաստանի դեմ պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն:

«Այսօր մենք նորից տեսնում ենք, որ Հայաստանը պարզապես ժամանակ է ձգում, ցանկանում է պահպանել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը, և, ցավոք, միջազգային հանրությունը Հայաստանի վրա լուրջ ճնշում չի գործադրում: Իրականում Հայաստանի դեմ վաղուց էր անհրաժեշտ միջազգային պատժամիջոցներ կիրառել, քանի որ Հայաստանը արդեն երկու տասնամյակ օկուպացված է պահում Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», - ասել է Ալիևը:

Կիրակի օրը անցկացված կառավարության նիստում անդրադառնալով երկրի տնտեսությանը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, այս տարվա առաջին եռամսյակում 2․5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Բանկերում քաղաքացիների ավանդները աճել են 20 տոկոսով, աշխատավարձը միջին չափով բարձրացել է 7 տոկոսով, ավելացել են արտարժութային պահուստները, որոնք հիմա կազմում են 53 միլիարդ դոլար, արտաքին պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 8 տոկոսը, երկրի բնակչությունը դարձել է 9 միլիոն 500 հազար մարդ, փոխանցել է Ադրբեջանի նախագահը: