Ռազմական խորհրդի նիստ Ղարաբաղում՝ նվիրված ՀՕՊ հարցերին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի վիճակին և հետագա կատարելագործման ուղիներին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են բանակային ընթացիկ ուսումնական տարվա խնդիրները, հակաօդային պաշտպանության կառավարման համակարգի, մարտական հերթապահության, ռազմական տեխնիկայի և սպառազինության, ցածր թռչող օբյեկտների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և Ղարաբաղի օդային սահմանների անվտանգությանն առնչվող այլ հարցեր: