Զինվոր Սարգիս Սահակյանի մահվան գործով կողմերը պնդում են սպանության վարկածը

Մեղրիի Ծիրանաձորի հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին մահացած շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի դատավարության մասնակիցները, վկայակոչելով աղմկահարույց փաստերը, պնդում են, որ զինվորին սպանել են:

Մեղադրանքի համաձայն, ծառայակիցները Սարգիս Սահակյանին ճնշել ու նվաստացրել են թաքուն «Սնիկերս» ուտելու համար, նրան, ըստ մեղադրականի պնդումների, անվանել են «չաթլաղ»: Եվ զինծառայողը, ըստ մեղադրականի, ինքնասպան է եղել:

Տուժող կողմը հայտարարում է, որ գործում կան հակառակի մասին վկայող փաստեր:

Այս գործը քննող դատավոր Նապոլեոն Օհանյանը երեկ մերժել է բռնությունների, ճնշումների մասին փաստաբանական հարցմանն ի պատասխան աղմկահարույց հայտարարություններ անող վկաներին լրացուցիչ հարցաքննելու միջնորդությունը: Դատարանը երեկվա որոշմամբ նաև կանխել է այս գործով վկաների նկատմամբ բռնություն գործադրած անձանց հնարավոր պատիժը:

Բանակում, խաղաղ պայմաններում մահացած զինվորի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին վկաների նկատմամբ բռնություններ, ճնշումներ գործադրելու համար քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմել գլխավոր դատախազին, իսկ գործի քննությունը հանձնարարել Հատուկ քննչական ծառայությանը: Տուժող կողմը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքին, որ վկաներ Անդրանիկ Թադևոսյանը և Գոռ Մարգարյանը փաստաբանական հարցումներին ի պատասխան պատմել են, որ հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, ծեծի և նվաստացումների, ազատությունից ապօրինի զրկելու արդյունքում նախաքննական մարմինն իրենցից կորզել է կեղծ ցուցմունքներ:

Դատական նիստի ընդմիջմանն ամբաստանյալ Արտաշես Խաչատրյանը դիմել է մեղադրող Գագիկ Մայիլյանին՝ դժգոհելով այն հանգամանքից, որ հենց դատարանի շենքում է մեղադրողը դահլիճից հեռացնում, փակի տակ պահում վկա Գոռ Մարգարյանին և ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրավիրում նրան ճնշելու նպատակով՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները կրկնելու պարտադրանքով․ - «Չորեքթաթ վկան մտավ այստեղ Մայիլյանի ձեռից: Այդ ինչպե՞ս կարող ենք չքննարկել»:

«Կեղծ եզրակացություն»


Տուժող կողմը դատարանին միջնորդել էր դատաձգաբանական փորձաքննությունը կեղծելու փաստով ևս դիմել գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Տուժող կողմի պնդմամբ, փորձագետը կեղծել է եզրակացությունը՝ նկարագրական մասում ընդունելով, որ և՛ մահացած զինվորի, և՛ վկա Թովմաս Մնացականյանի հագուստների վրա հայտնաբերվել են կրակոցի մետաղացման հետքերը, իսկ եզրափակիչ մասում փորձագետը չի նշել, որ պղնձի մետաղացման հետքերը կրակոցի լրացուցիչ գործոնների արգասիքներ են: Տուժող կողմի պնդմամբ, փորձագետն այսպիսով թաքցնում է «այն փաստը, որ դեպքի պահին վկա Թովմաս Մնացականյանը եղել է դեպքի վայրում»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը երեկվա դատական նիստի ժամանակ հայտարարել է․ - «Փորձաքննության մեջ կատարվել է աղաղակող անօրինականություն: Միայն այս փաստը բավական է, որպեսզի նախաքննական մարմինը չկարողանա գործը որակել որպես ինքնասպանություն, քանի որ դեպքի պահին դեպքի վայրում եղել է այլ անձնավորություն»:

Մեղադրող Գագիկ Մայիլյանը երեկվա դատական նիստի ժամանակ առարկել է փորձագետին կրկին դատարան հրավիրելու միջնորդության կապակցությամբ: Երկու ամբաստանյալներից մեկի՝ Արտաշես Խաչատրյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը ևս կարծիք է հայտնել, որ փորձագետը ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել:

Դատավորը հրաժարվել է դատաձգաբանական փորձաքննությունների հակասության պարզաբանման նպատակով լրացուցիչ փորձաքննություն նշանակել և որոշել է դրանց անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Այս գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը: Ամբաստանյալ Արթուր Միսակյանի մայրը պնդում է, որ որդու ծառայակիցը՝ Սարգիս Սահակյանն ինքնասպան չի եղել:

«Դատական պրոցեսների ժամանակ հասկացանք, որ արդեն դա ինքնասպանություն չէ, սպանություն է», - ասում է նա:

«Դատարանը շահագրգիռ չէ ապացույցները տեսնել»


Երեկվա դատական նիստի ժամանակ դատավորի կայացրած որոշումներն ու դրդապատճառները մեկնաբանում է այս դատական գործին հետևող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա «Ազատությանը» փոխանցեց, որ իր տպավորությամբ, դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում մեղադրանքը հաստատած դատախազությունը: Իրավապաշտպանը հարցնում է՝ ի՞նչ հիմքով կարող էր դատարանը փաստաբանական հարցումներից հետո կրկին չհարցաքննել վկաներին․ - «Որոնք ուղղակի ցուցմունքներ են տալիս, որ դեպքի վայրում եղել է ևս մեկ անձ, որը գործով անցնում է վկա: Վկայություններին ավելանում է նաև փորձագիտական եզրակացությունը՝ դատաձգաբանական, որը հզորացնում է այն ապացույցը, որ տեղի չի ունեցել ինքնասպանություն, կատարվել է սպանություն: Եվ դատարանը կարծես շահագրգիռ չէ այս ապացույցները տեսնելու և դրա շուրջ քննություն տանելու դատարանում: Անժխտելի, անհերքելի փաստեր են: Եթե դատարանը քննություն կատարի այս փաստերով և ոչ թե մերժի ներկայացված փաստարկները, հանցագործությունը կհամարվի բացահայտված»:

Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 17-ին, փորձագետ Աշոտ Գասպարյանը հրավիրվել է դատարան: