Ավակովը խոստանում է արևելքում իրավիճակը կարգավորել երկու օրվա ընթացքում

Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները դիրքավորվել են և բարիկադներ կառուցել Դոնեցկի շրջանային վարչակազմի գրավված շենքի մոտ, 9-ը ապրիլի, 2014թ․

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի արևելյան շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը գրաված անջատողականների հետ բանակցությունների տապալման դեպքում իրենք ուժ կկիրառեն։ Նրա հավաստմամբ՝ հարցի լուծումը կտրվի երկու օրվա ընթացքում։

Ռուսամետ ցուցարարները գրավել են տեղական իշխանությունների գրասենյակները Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում։ Դոնեցկում արդեն հայտարարել են առանձին հանրապետության հռչակման մասին, իսկ Խարկովում ոստիկանության հատուկ ջոկատայինները ետ են գրավել շինությունը։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ասել է, որ եթե անջատողականները կամավոր հեռանան այդ շենքերից, ապա դատական պատասխանատվության չեն ենթարկվի։