Պաշտոնների հնարավոր փոխատեղում Գյուլի և Էրդողանի միջև

Արդեն մի քանի ամսից Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Աբդուլա Գյուլը կարող են փոխվել տեղերով: Թուրքական մամուլի տեղեկություններով, նման փոխատեղության մասին սկզբունքային որոշումը կարող է կայացվել արդեն մի քանի շաբաթից:

Ակնկալվում է, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին վարչապետ Էրդողանը կհրապարակի իր վերջնական որոշումը` մասնակցելո՞ւ է օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:

Հիշեցնեմ, որ բարեփոխված Սահմանադրության համաձայն, Թուրքիայի քաղաքացիները այս ամռանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հնարավորոթյուն կստանան ուղղակի քվեարկությամբ ընտրել երկրի ղեկավարին: Նախկինում երկրի ղեկավարին ընտրում էր Թուրքիայի խորհրդարանը` Ազգային Մեծ Ժողովը:

Թուրքական մամուլի տեղեկություններով, եթե Էրդողանը որոշի պայքարել նախագահի աթոռի համար, ապա վարչապետի պաշտոնը կանցնի ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլին:

Թուրքական օրենսդրության համաձայն, սակայն, վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել բացառապես խորհրդարանի պատգամավորը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար անդամներից մեկը` փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը, երեկ թուրքական հեռուստատեսության 7-րդ ալիքին տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես են իշխող վերնախավի ներկայացուցիչները պատկերացնում իրավական այս խոչընդոտի հաղթահարումը․ - «Նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո Գյուլին պատգամավորական մանդատով ապահովելու երկու ձև կա` կա՛մ արտահերթ ընտրությունները, կա՛մ էլ «Բայբուրթի մոդելի» կիրառումը»:

«Բայբուրթի մոդել» ասելով թուրք պաշտոնյան նկատի ուներ երկրի հյուսիս-արևելքում գտնվող այս քաղաքից ընտրված պատգամավորի՝ արդեն իսկ համաձայնեցված հրաժարականը, և նրա փոխարեն Գյուլի առաջադրումն ու ընտրությունը: Բայբուրթը, ի դեպ, պատահական չէ ընտրված: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այստեղ մշտապես ստանում է քվեների մեծասմանությունը, ինչն էլ, քաղաքական այս կոմբինացիայի հեղինակների համոզմամբ, հնարավորություն կտա խուսափել անցանկալի անակնկալներից:

Այն, որ վարչապետի և նախագահի փոխատեղման սցենարն արդեն իսկ գծված է, պարզ դարձավ երեկ: CNN Turk հեռուստաընկերության եթերում իշխանության փոխանցման սցենարը ներկայացնում էր Էրդողանի մերձավոր զինակիցներից ևս մեկը` «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմետ Ալի Շահինը:

«Երկրի նախագահին` պարոն Գյուլին, մենք ցանկանում ենք տեսնել վարչապետի պաշտոնում: Բայց դա հնարաովր կլինի միայն, եթե նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Աբդուլա Գյուլը պատգամավոր ընտրվի: Դա անմիջապես չի կարող տեղի ունենալ, ուստի այդ միջանկյալ շրջանում կառավարությունը կարող է ղեկավարել փոխվարչապետերից որևէ մեկը», - նշում էր Շահինը:

Հաշվի առնելով օրենքով սահմանված բոլոր ժամկետները՝ Գյուլը կառավարության ղեկավարի պաշտոնը կկարողանա զբաղեցնել ոչ վաղ, քան առաջիկա դեկտեմբերին:

Մեհմետ Ալի Շահինի խոսքով, սակայն, քիչ հավանական է, որ վարչապետի պաշտոնում Գյուլը օժտված լինի նույնքան լայն լիազորություններով, որքան Էրդողանն այսօր: Իշխող կուսակցությունը լրջորեն մտածում է Սահմանադրության մեջ նոր լրացումներ կատարելու մասին, որոնք կուժեղացնեն նախագահի դիրքերը` վարչապետի լիազորությունների կրճատման հաշվին:

«Դա կարող է լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգ: Եթե մենք չկարողանանք հասնել դրան, կարող ենք ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա երկրի ղեկավարին նաև կուսակցության առաջնորդ հանդիսանալ», - հայտարարում էր Շահինը: Դա, ըստ իշխող կուսակցության ներկայացուցիչների, թույլ կտա խուսափել նախագահի և վարչապետի միջև հնարավոր լարվածությունից:

Ուշագրավ է, սակայն,որ իր հետագա քաղաքական ճակատագրի շուրջ ծավալված այս քննարկումների համատեքստում նախագահ Գյուլը դեռ որևէ հստակ պատասխան չի տալիս: Այսօր Անկարայում Քենիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գյուլը հայտարարում էր․ -
«Նախագահական ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չի մնացել: Այդ իսկ պատճառով ես պատրաստվում եմ մեր հետագա անելիքների մասին նստել ու խոսել իմ ընկերների հետ: Այդ ընկերներից ամենակարևորը, իհարկե, վարչապետ Էրդողանն է», - հայտարարում էր Գուլը:

Վերջում հավելենք, որ Էրդողանի և Գյուլի առաջադրման շուրջ առկա քաղաքական ինտրիգը դեռ պահպանվում է: Գյուլի վարկանիշը Թուրքիայում շարունակում է բավական բարձր մակարդակի վրա մնալ: Դեռ մինչև կառավարության ղեկավարի անվան շուրջ ծագած սկանդալը որոշ թուրքական սոցիոլոգիական ծառայություններ պնդում էին, որ Գյուլի վարկանիշը մոտ երեք տոկոսով բարձր էր Էրդողանի կողմնակիցների թվից: