Լավրով․ «Բանակցություններում պետք է ներկայացված լինեն Ուկրաինայի հարավը և արևելքը»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով բազմակողմ բանակցությունների ձևաչափը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Իրոք, մենք պատրաստ ենք դիտարկել բազմակողմ ձևաչափը, որում ներկայացված են եվրոպացիները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ուկրաինական կողմը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը՝ միաժամանակ հավելելով, որ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի հետ բանակցությունների ձևաչափը, ինչպես և ժամկետներն ու օրակարգը որոշված չեն:

«Մենք Ջոն Քերրիի հետ որևէ կոնկրետ ժամկետ չենք քննարկել, քանի որ ըստ մեր պայմանավորվածության անհրաժեշտ է նախ հասկանալ՝ ինչպիսին է լինելու ձևաչափը», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ընդգծել, թե միջազգային բանակցություններում պետք է ներկայացված լինեն Ուկրաինայի հարավը և արևելքը: