Բագրատյան․ «Գազի թանկացումը խիստ հավանական է»

Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ

«Մենք մնում ենք Ռուսաստանի ողորմածությանը, այլ ոչ թե գտնվում ենք կարգավորման դաշտում», - շեշտում է նախկին վարչապետը:
Ռուսաստանի Սակագների դաշնային ծառայության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից երկրում գազը կթանկանա միջինը 4.2 տոկոսով։ Հայաստանի էներգետիկայի նախարարը չի բացառում, որ գազի սակագինը կբարձրանա նաև Հայաստանում։

Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ առաջիկա 5 տարիներին Հայաստան մատակարարվող գազի գինը պետք է նույնը լինի, ինչ Ռուսաստանում գործող ներքին գինը։ Չբացառելով թանկացումը՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ այս պահի դրությամբ գների հնարավոր փոփոխության մասին որևէ պաշտոնական տեղեկություն չունեն։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նույնպես հնարավոր թանկացման մասին տեղեկություն չունեն, ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ թանկացման մասին դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել։

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գազի թանկացումը խիստ հավանական է համարում՝ ընդգծելով, որ Պուտին - Սարգսյան վերջին պայմանագրով Հայաստանին տրվել է միայն մեկ խոստում՝ 5 տարի գազի գինը լինելու է նույնը, ինչ Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։

«Օրենբուրգի մարզում գինը պիտի բարձրանա, մինչև մոտենա համաշխարհայինին: Մեր գինն էլ պիտի բարձրանա՝ Օրենբուրգի մարզի գին պլյուս 200 դոլար կամ պլյուս 250 դոլար․ գիտեք, որ 200 դոլար է նստում ներքին տեղափոխման ծախսերը», - ասաց Բագրատյանը՝ շարունակելով․ - «Ռուսական գազը սուբսիդավորվում է: Հիմա միջազգային գներն իջնում են, բայց իրենց ներքին գները բարձրանում են, մենք կապվել ենք իրենց ներքին գների հետ, մենք առանց այդ էլ, քանի որ բացի գնից՝ մեր մոտ շատ բարձր են ներքին սպասարկման ծախսերը՝ մեր մոտ համաշխարհային գին է, հիմա քանի որ իրենց ներքին գները պիտի բարձրանան, մեզ մատակարարվող գազի գինը պիտի բարձրանա, մեր գները կհասնեն համաշխարհայինին»:

Նախկին վարչապետը համաձայն չէ նաև հավաստիացումներին, թե Հայաստանը այժմ միջազգային գներից ավելի շահավետ պայմաններով է գազ գնում ռազմավարական դաշնակցից։ Տնտեսագետ Բագրատյանը հաշվարկ է արել և պարզել, որ ներկայումս Հայաստանում գազի սակագինը ավելի բարձր է, քան, օրինակ, Սլովակիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում։

«Իրենք պիտի աշխատանքից ազատվեն՝ վարչապետը, էներգետիկայի նախարարը, այդ ենք ասում: Լավ, եթե Սերժ Սարգսյանը չի ազատվում, գոնե սրանք ազատվեն: Նրանք պրոֆեսիոնալ չեն, նրանք ոչ մի հարց պրոֆեսիոնալ չեն կարողանում լուծել», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ընդ որում՝ դեկտեմբերի 1-ին, նոյեմբերի 30-ին այս մասին զգուշացվել է, որ գինը կապեք համաշխարհային գնի հետ՝ պետք չի, որ մեզ Ռուսաստանը լավություն անի, ավելի էժան կլինի: Իսկ համաշխարհային գինը կապված է նավթի գների հետ: Իսկ մենք ինչ-որ ֆորմուլա ենք մտածել՝ ինչ-որ Օրենբուրգի մարզի, անհասկանալի մի ֆորմուլա, որը իր մեջ ռիսկեր է պարունակում: Այս դեպքում մենք մնում ենք Ռուսաստանի ողորմածությանը, այլ ոչ թե գտնվում ենք կարգավորման դաշտում», - շեշտեց Բագրատյանը:

Նախկին վարչապետի խոսքով՝ չի բացառվում, որ գազի ներքին տեղափոխման գերծախսի հաշվին սակագնի բարձրացում չլինի, սակայն թանկացումը, այդուամենայնիվ, ավելի հավանական է համարում: «Խնդրեմ, այս վերջին գինը, որ դրել են, ազդեցությունն այն է, որ տնտեսական աճ չկա, ժողովուրդն ավելի շատ պիտի վճարի, ինչ ազդեցություն պիտի ունենա՝ բացասական», - նշեց նա:

Բագրատյանը հիշեցրեց, որ գազային պայմանագրերի հարցով Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովը այս օրերին ուսումնասիրություններ է կատարում, որոնք կամփոփեն մոտ երկու ամսից, մինչդեռ լուրջ արդյունքներ նախկին վարչապետը չի ակնկալում։