Վրաստանի նախկին նախագահը չի ներկայանա հարցաքննության

Your browser doesn’t support HTML5

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը չի ներկայանա այդ երկրի գլխավոր դատախազություն հարցաքննության։ Իր դիրքորոշումը նա ևս մեկ անգամ հաստատել է Կիևում Ռուստաթվի-2 հեռուստաալիքին երեքշաբթի ուշ երեկոյան տված հարցազրույցում:

Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ մարտի 27-ին հրավիրել է այդ երկրի նախկին նախագահին հարցաքննության միանգամից տասը քրեական գործերի կապակցությամբ: Դրանց թվում է նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի առեղծվածային մահվան հանգամանքների քննության կապակցությամբ վերաբացված քրեական գործը:

Սաակաշվիլիի խոսքով` իր նկատմամբ սկսված այս գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի և արդարադատության հետ որևէ կապ չունի: Ավելի վաղ Վրաստանին ընտրովի արդարադատությունից խուսափելու կոչ է արել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։

Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից անցյալ տարվա նոյեմբերին՝ Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո և ընտանիքով այժմ հաստատվել Հոլանդիայում: Ի դեպ, Սաակաշվիլիի խոսքով` իրեն Վրաստանը լքելու խորհուրդ է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Ըստ Վրաստանի նախկին նախագահի` Բարոզուն ասել է իրեն, որ երբ նոր իշխանությունները իրեն ձերբակալեն, որևէ մեկը այլևս չի կարող Եվրոպային վստահեցնել, որ Վրաստանի իշխանությունները Պուտինի ենթակայության տակ չեն, և որ Բարոզուն առաջինը կլինի, որ կբարձրացնի Վրաստանի` դեպի Արևմուտք առաջընթացը կասեցնելու հարցը:

Միևնույն ժամանակ Սաակաշվիլին հավելել է, որ Վրաստան կվերադառնա շատ ավելի շուտ, քան դա ակնկալում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի նախկին նախագահը նաև կոչ է արել իր աջակիցներին և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին ի պաշտպանություն իրեն բողոքի ցույցեր չկազմակերպել և դուրս չգալ փողոց:

Նույն օրը ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը հարցազրույց է տվել նաև Ուկրաինական հեռուսատալիքներից մեկին, որի ընթացքում խոսել է Ղրիմի խնդրի մասին: Սաակաշվիլին նշել է, որ Ղրիմում իրականացվում է նույն սցենարը, որ 2008 թվականին իրականացվել է Վրաստանում: Միևնույն ժամանակ Սաակաշվիլին Ղրիմի գրավումը Պուտինի հաղթանակը չի համարում:


«Ղրիմը ամենևին էլ Պուտինի հաղթանակը չէ, այլ նրա վերջի սկիզբը»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ հավելելով.- «Հենց որ նա հեռանա իշխանությունից, դուք ձեր տարածքները կազատագրեք, մենք՝ մեր տարածքները: Ես ճիշտ չեմ համարում այն հայտարարությունները, թե վե՛րջ, Ղրիմն այլևս կորսված է։ Ոչ ոք ոչին չի կորցրել, այդ միայն Պուտինն է իր գլուխը կորցրել»:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով` այն, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում իր անմիջական ազդեցությունը կունենա ողջ տարածաշրջանի վրա, առաջին հերթին Ռուսաստանի, և Ուկրաինան կփոխի Ռուսաստանը:

«Պուտինն, իհարկե, դա չի ցանկանում, սակայն դա անխուսափելի գործընթաց է. այն բարեփոխումները, որ դուք կիրականացնեք, արդյունքում կփոխեն նաև Ռուսաստանը և վերջ կդնեն Ռուսաստանի իմպերիալիզմին ու Պուտինի իշխանությանը»,- հայտարարել է Սաակաշվիլին: