Գերմանահայ հնագետի ղեկավարած խումբը Ամենհոտեպ 3-րդի երկու նոր արձան է հայտնաբերել

Եգիպտոսում հնագետները կիրակի օրը հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ նշելով, որ հնագետների խմբի ղեկավարը գերմանահայ Հուրիկ Սուրուզյանն է:

Եվրոպացի և եգիպտացի հնագետներից կազմված խումբը կարմիր կվացե երկու հոյակերտ արձանները հայտնաբերել է Նեղոսի արևմտյան ափում՝ փարավոնների հուղարկավորության հովտում:

Ամենհոտեպ 3-րդ փարավոնի տաճարը մինչև հիմա հայտնի էր երկու արձաներով, որոնք կերտվել են 3400 տարի առաջ: Դրանք երկու վիթխարի արձաններ են, փարավոնը քանդակված է նստած, ձեռքերը ծնկներին, հայացքը ուղղված է Նեղոս գետին ու դեպի արևելք: Զույգ արձանները հսկում էին փարավոնի տաճարը: Հնագետները նշում են, որ Ամենհոտեպի թագավորության ժամանակաշրջանը հին Եգիպտոսի քաղաքական ու մշակութային զարգացման գագաթնակետն էր:

«Մինչև հիմա աշխարհը գիտեր Ամենհոտեպ 3-րդի երկու հսկա արձանի մասին, բայց այսօրվանից արդեն մենք գիտենք որ դրանք չորսն են»,- «Ֆրանս Պրես»-ին ասել է Հուրիկ Սուրուզյանը՝ նշելով, որ հայտնաբերված արձանները դարերի ընթացքում լուրջ վնասվել են:

«Արձանների մասերը դարերով ընկած են եղել, վնասվելով բնության տարերքներից, ինչպես երկրաշարժից, հետո վնասվել են ոռոգման ջրերից, աղից, ինչպես նաև գանձ որոնողների գործողություններից ու վանդալիզմից»,- իր էքսկավատորի մոտ կանգնած նկարագրել է Հուրիկ Սուրուզյանը, մինչ տեղի գյուղացիները լվանում էին վերջին ամիսներին հայտնաբերված հին արձանների կտորներ ու մասեր:

«Այս հոյակապ տաճարը մինչև հիմա հետաքրքիր է ուսումնասիրելու և պահպանելու համար»,- նշել է հնագետը։

Հնագետ Հուրիկ Սուրուզյանը իրականացնում է Ամենհոտեպ 3-րդի տաճարի պահպանման ծրագիրը: Հայտնաբերված նոր արձաններից մեկը 11.5 մետր բարձրություն ունի, կշիռը 250 տոննա է: Փարավոնը նորից քանդակված է նստած վիճակում, ձեռքերը դրած ծնկներին: Հնագետները ասում են, որ չկան արձանների մեծ թագերը, այլապես նրանք 13.5 մետր բարձրություն կունենային ու կկշռեին 450 տոննա:

Ինչպես հին արձանները, այնպես էլ նոր հայտնաբերվածներից մեկը ընդհանուր կառուցվածք ունի: Փարավոնի գահի քանդակները խորհրդանշում են վերին և ներքին Եգիպտոսի միավորումը: Փարավոնի ոտքերի մոտ նրա կնոջ և մոր արձաններ են, նոր հայտնաբերված արձանախմբում փարավոնի մոր արձանը չի պահպանվել: Փարավոնի երկրորդ կանգնած արձանը հսկելու էր տաճարի հյուսիսային դարպասը:

Սուրուզյանն ասել է, որ իր թիմի նպատակը այս հուշարձաններն ու տաճարը պահպանելն է, որ վնասվել են բնության և մարդկանց կողմից:

«Յուրաքանչյուր փլատակ, յուրաքանչյուր հուշարձան պատշաճ կարգով բուժվելու իրավունք ունի»,- ասել է Սուրուզյանը։

«Գաղափարը հուշարձանները տեղում պահելն է, դրանց մոնտաժմանը պետք է վերջ տալ»,- նշել նա՝ ավելացնելով, որ համաշխարհային ժառանգության պատմական վայրերի պահպանումը միջազգային ֆինանսավորման կարիք ունի:

Նա ասել է, որ Ամենհոտեպ 3-րդի տաճարի պահպանման ներկայիս աշխատանքները ամբողջովին իրականացվում են միջազգային և անհատ դոնորների օգնությամբ:

Ամենհոտեպ 3-րդը ժառանգել էր Եթովպիայից մինչև Սուդան ձգվող կայսրություն, որը նա պահպանում էր ոչ թե պատերազմների, այլ հիմնականում դիվանագիտության միջոցով: Նա գահ է բարձրացել 12 տարեկան հասակում, իսկ մահացել է մ.թ.ա. 1354 թվականին:

Եգիպտական փարավոնների հուղարկավորության հովտում է գտնվում ժամանակակից Լուքսոր քաղաքը՝ մոտ 500 հազար բնակչությամբ: Այ տեղանքը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: