Սերժ Սարգսյան․ «Ուկրաինացիները մեր եղբայրներն են»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մշակույթի գործիչներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ անդրադարձավ Ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովայի՝ մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվելուն փաստին:

«Այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել եմ նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ մրցանակը, և իր ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական միջոցառումների՝ այն կրկնապատկելով Նախագահի հիմնադրամից», - նշեց Սերժ Սարգսյանը:

«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆետիսովան Կիևից երկլեզու՝ ռուսերենով և անգլերենով բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում նշում է, թե պայմանավորված Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի առաջնորդի արտահայտած դիրքորոշմամբ՝ իր մասնակցությունն այդ մրցանակաբաշխությանը անհնար է, իսկ իր դրամական պարգևը խնդրում է փոխանցել հայ որբ երեխաների կարիքները հոգալու համար:

«Հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, ուզում եմ դիմել և հարգարժան տիկնոջը, և Ուկրաինայի ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր, Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի կռվել ենք միասին զավթիչների դեմ, մենք հազարավոր փառավոր էջեր ունենք պատմության, այդպես եղել է, և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը կայանում է նաև նրանում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են, այնպես որ, խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկնոջը», - հավելեց Սերժ Սարգսյանը:

Ֆետիսովային «Փարաջանով» ֆիլմի համար տրվելիք 5 միլիոն դրամ պարգևը, փաստորեն, կկրկնապատկվի և կուղղվի բարեգործական նպատակների:

«Փարաջանով» ֆիլմի համար այսօր նախագահի կողմից մրցանակի արժանացավ նաև ֆիլմի գլխավոր դերակատար, ռեժիսոր, ֆրանսիաբնակ Սերժ Ավեդիքյանը, ով մարմնավորել է Փարաջանովին: Նրանք խնդրեցինք մեկնաբանել իր գործընկերոջ՝ Հայաստան չգալու քայլը: Սերժ Ավեդիքյանը պնդեց, թե Ֆետիսովան չի հրաժարվել մրցանակից․ - «Ինքը չի հրաժարվել, պնդում եմ: Ինքը մրցանակը ցանկանում էր, որ տրվի որևէ մի կազմակերպության: Եթե հրաժարվեր, կասեր՝ չեմ վերցնելու, չէ՞: Ինքը չէր ուզում գալ անձամբ: Չպետք է ինչ-որ շատ կարևոր բան սարքել: Այսպես է՝ դիրք է ընդունել իբրև Ուկրաինայի քաղաքացի, վերջ»: