Ղարաբաղում կան նաև երեկվա տոնակատարությունից մտահոգված քաղաքացիներ

Խորհրդային Միության տարածքում թերևս առաջինը ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը, որը մինչ օրս համառորեն պայքարում է անկախության ճանաչման համար երեկ տոնում էր Ղրիմի ժողովրդի հաղթանակը:

Պատգամավոր Վահան Բադասյանը, ով ոչ միայն չի միացել Ղրիմի ժողովրդի հաղթանակը ողջունող Ազգային ժողովի հայտարարությանը, այլ նաև դատապարտել է այն, «Ազատության» հետ զրույցում երեկվա միջոցառումը բնութագրեց որպես արհեստական շոու:

Երեկ վերածննդի հրապարակի տոնախմբության բացականերից մեկն էլ ղարաբաղյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանն է. ասում է, որ մտահոգիչ է համարում ղարաբաղյան խնդիրը Ղրիմի հարցի հետ համեմատելը:

«Աբսուրդ է Ռուսաստանի կողքին կանգնելը: Դա միամտություն է», - նկատում է Սարգսյանը:

Karabakhopen էլեկտրոնային պարբերականի խմբագիր Անահիտ Դանիելյանն ասում է, որ չի հասկանում, թե ինչու է պետք Ղարաբաղում մեծ շուքով տոնել Ղրիմի անկախությունը, այն էլ այդպիսի «անկախությունը»՝ Ռուսաստանի կազմում և ինչու է որոշվել հենց այդ օրինակով հիշեցնել աշխարհին Ղարաբաղի մասին:

26 տարի առաջ Ստեփանակերտի` այն ժամանակ Լենինի հրապարակում հավաքվածները, ովքեր ազատության ու անկախության կոչեր էին անում, երեկ անհասկանալիորեն ուրախ էին: Ինչո՞ւ` պատասխանը մեր զրուցակիցը չի գտնում: Իր խմբագրականում լրագրողը գրում է, որ երեկ հրապարակում Ռուսաստանին միանալու տարբերակի մասին էին խոսում ու կես կատակ-կես լուրջ մատնանշում այնտեղ գործող թոշակների ու աշխատավարձերի չափերը։