Հայաստանը կներկայացվի MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Տեսարան Երևանից

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մարտի 19-22-ին տեղական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Մոսկվայում կայանալիք MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 198 երկրներից շուրջ 1800 ընկերությունների մասնակցություն: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 37 հազար այցելուներ:

Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ ռուսերենով: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը` առավելագույնս իրացնելով զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը: