Ադրբեջանի մոտեցումը «փակուղի է մտցնում ամբողջ բանակցային գործընթացը»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին:

ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության վեհաժողովում՝ Հովիկ Աբրահամյանը խոսել է Հայաստանում քաղաքացիական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և Լեռնային Ղարաբաղի մասին։

«Ձեզանից շատերը, անշուշտ, տեղյակ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա լուծման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մասին: Այդ նպատակով արդեն 20 տարի է, ինչ միջազգային մանդատով գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն աշխատում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների շրջանակներում՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ինչը ենթադրում է հարցի փոխզիջումային լուծում: Ցավոք, Ադրբեջանը նախապատվությունը տալիս է վերոնշյալ սկզբունքներից միայն մեկին՝ տարածքային ամբողջականությանը: Այդօրինակ մոտեցումը հակասում է խաղաղ կարգավորման գաղափարին և փակուղի մտցնում ամբողջ բանակցային գործընթացը»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։

Հովիկ Աբրահամյանը նաև ընդգծել է, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով հաճախակի հնչող ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում ոչ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ոչ էլ կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում՝ ի չիք դարձնելով միջազգային հանրության ջանքերը:

«Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների՝ ԼՂՀ և ՀՀ ղեկավարությունը և ժողովուրդը հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ լուծմանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի քանի խորհրդարանական, նախագահական և ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ ու արդար: ԼՂՀ-ում ձևավորվում է ժողովրդավարական հասարակություն, իրականացվում են լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, մեծանում է երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում իր հայրենիքը՝ Ղարաբաղը, Ադրբեջանի կազմում: Հարգելի գործընկերներ, ժողովրդավարությունը հարատև չէ առանց ժողովրդավարական մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթություն, որի հիմնական պատասխանատվությունն ընկած է քաղաքական էլիտայի վրա: Մենք՝ պատգամավորներս, լինելով ժողովրդի ընտրյալներ, պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետև դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման և հասարակության համար ավելի բարեկեցիկ ապագա երաշխավորելու միակ ճանապարհն է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։