ԵԱՀԿ-ի գործող նախագահը արձագանքել է Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ ահազանգերին

Your browser doesn’t support HTML5

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը պատասխանել է Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորվածների վերաբերյալ նամակին, որի տակ ստորագրած 1500 քաղաքացիներ ահազանգել էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, քաղաքական դրդապատճառներով մարդկանց անհիմն կալանքի տակ պահելու մասին։

«Իրավական ֆարս» որակելով նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայի բախումների հետևանքով ձերբակալվածների, ինչպես նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետները երկարաձգելը` հունվարի սկզբին ուղարկված այս նամակի հեղինակները համոզմունք էին հայտնել, որ Ռուսաստանի հետ գործարքի մեջ գտնվող Հայաստանի իշխանությունները անհապաղ կասեցնում են ընդվզման ցանկացած փորձ, լռեցնում մարդկանց բողոքի ձայնը։

Շվեցարիայի նախագահի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, որ մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունների հարգումը առաջնահերթություն է Շվեյցարիայի համար, առավել ևս՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահողի։

«Շվեյցարիան գերակայություն է համարում բոլոր քաղաքական կուսակցությունների արտահայտվելու և հավաքների ազատության երաշխավորումը, հետեաբար, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ուշադիր հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակին», - գրել է Բուրկհալտերը` հիշեցնելով, որ Շվեցարիան մտահոգություն է հայտնել 2008-ի հետընտրական իրադարձությունների վերաբերյալ, իսկ 2013-ի նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է մի շարք խախտումներ։

«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ուղարկված նամակը հասցեագրվել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային։

«Իհարկե, ցավալի է, երբ ստիպված ես թակել այլոց դռները քո խնդիրներով, բայց երբ մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք պետական մտածողությունից մղոններով հեռու են, ակնկալել պատասխանատու կեցվածք կամ գործելաոճ՝ միամիտ կլիներ», - Շվեյցարիայից «Ազատության» հետ զրույցում ասաց «Շանթ և ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արուսյակ Հայրապետյանը: - «Հիմա բարեբախտաբար աշխարհում կան նորմալ երկրներ և կազմակերպություններ, որոնք կարող են միջազգային լծակներ գործադրել այս գոյություն չունեցող իրավահամակարգի վրա, և մենք՝ Շանթ Հարությունյանին սատարողներս, անելու ենք ամեն ինչ, ինչ որ հնարավոր է, որ Շանթին, Վոլոդյա Ավետիսյանին և մյուս տղաներին տեսնենք ազատության մեջ հնարավորինս շուտ։ Որոշ բաներ անհնար է ուղղակի հանդուրժել, 2014 թվականին չեն կարող լինել քաղբանտարկյալներ, դրա համար ցանկացած հայ մարդ, ով այսօր ձերբազատված է ստրուկի հոգեբանությունից և վախի պարալիզացնող զգացումից, պիտի հասկանա, որ քաղբանտարկյալների ազատագրումն առաջնային հարց է»։

Շանթ Հարությունյանին և մյուս 14 ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով Երևանում, Կապանում, Մասիսում ու Չարենցավանում վերջին ամիսներին անցկացված ստորագրահավաքին միացել է ավելի քան 10 հազար մարդ։

«Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այս ստորագրությունները թերևս առաջիկայում կներկայացվեն դատարաններին, եթե կրկին քննչական մարմինը միջնորդի երկարաձգել նրանց խափանման միջոցը։

Հայրապետյանի համոզմամբ` ազատազրկվածները քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրանքի զոհն են։ Ստորագրահավաքի բոլոր մասնակիցները Շանթ Հարությունյանին և մյուսներին քաղբանտարկյալ են համարում:

«Շանթի կատարած քայլին տարբեր բացատրություններ ունեն: Մարդիկ կան, որ ընդունում են, մարդիկ կան, որ չեն ընդունում, բայց որ դա կազմակերպված պրովոկացիա էր՝ դրանում ոչ ոք չի կասկածում։ Շատ պարզ երևում է, որ մինչև այդ Ազատության հրապարակում, երբ Շանթը և ընկերները պատրաստվում էին երթով գնալ դեպի Բաղրամյան 26, նրանք հագնվում են և նրանց կողքը կանգնած էր Երևանի ոստիկանապետի տեղակալ պարոն Օսիպյանը։ Պարոն Օսիպյանն ու նրա ոստիկանները, եթե ցանկանում էին, որ այդպիսի միջադեպ չլիներ, նրանց անմիջական պարտականությունն էր հենց այդտեղ խանգարել, հորդորել կամ ինչ-որ ձևով չթողնել, որ իրականանա այդ միջոցառումը։ Ես չեմ կասկածում, որ դա սադրանք էր, բայց երևի անհրաժեշտություն կար, առաջիկայում սպասվում էր Պուտինի այցելությունը, մենք պետք է ապացուցեինք, որ «շատ ենք սիրում» մեր մեծ եղբորը», - ասաց Հայրապետյանը։

«Բանտում պահելը նախազգուշացնող է, ցույց են տալիս, որ` կարող ենք և այդպես վարվել», - «Ազատության» հետ զրույցում նշեց նոյեմբերի 5-ին կալանավորված, հետո ազատ արձակված Արման Մխիթարյանը` «խեղկատակություն» որակելով այս գործով մեղադրվողներին բանտում պահելը. - «Կարծում եմ, անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել այս գործի վրա, որովհետև այս անարդարությունը ցանկացածի դուռը կարող է թակել»։

Նոյեմբերի 5-ին կալանավորվածների գործով, հիշեցնենք, հիմնադրամը դիմում էր ուղարկվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպություններին`ակնկալելով հրապարակային վերաբերմունք 15 անձանց բանտում պահելու և այսպիսով նրանց ընտանիքներին ու 25 անչափահաս երեխաների հոգեբանական բազմաբնույթ ճնշումների ենթարկելու փաստերի առիթով։ Տեղեկացանք, որ պատասխան դեռ չեն ստացել։