15-ամյա պատանու մահը կրկին թեժացրել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը

Թուրքիա -- Ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրում է հակակառվարական ցույցը, 12-ը մարտի, 2014

15-ամյա Բերքին Էլվանի մահը կրկին թեժացնում է Թուրքիայի առանց այդ էլ անհանգիստ ներքաղաքական իրավիճակը: Թուրք դպրոցականը ծանր վիրավորվել էր անցած տարվա հունիսին` Ստամբուլի կենտրոնում ծավալված բախումների ընթացքում և 269 օր շարունակ գտնվում էր կոմայում:

Ստամբուլի հիվանդանոցներից մեկում գտնվող Էլվանի մահվան մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան, ինչից հետո երկրի մի շարք քաղաքներում կատաղի բախումներ սկիզբ առան վարչապետ Էրդողանի հակառակորդների և ոստիկանության միջև:

Դպրոցականի հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ երեկ` վերածվելով բազմահազարանոց բողոքի ցույցի: Կառավարության անդամները, սակայն, գերադասեցին բավարարվել ցավակցական ուղերձներով:

Ընդդիմադիր խոշորագույն ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խստորեն քննադատեց իշխանությունների ցուցաբերած այս անտարբերությունը․- «Այսօր մենք հողին ենք հանձնում Բերքին Էլվանին, ով մոր խնդրանքով գնացել էր հաց գնելու, բայց փոխարենը դարձավ ոստիկանության գործողությունների զոհը: Ոստիկանները արցունքաբեր գազի նռնակով կրակեցին 15-ամյա դպրոցականի գլխին, բայց միևնույն է` Էրդողանի աչքերից մի կաթիլ արցունք այսօր այդպես էլ չհոսեց»:

Այս հուզական ճառը թուրքական ընդդիմությանը առաջնորդը հնչեցրեց Դյուզջե քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Մարտի 30-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու:

Նույն այն ժամերին, երբ Ստամբուլում հողին էին հանձնում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված դպրոցականին, վարչապետ Էրդողանը նախընտրական հանրահավաք էր անցկացնում երկրի քրդաբնակ շրջաններում: Ելույթ ունենալով Սիիրթ քաղաքում՝ Թուրքիայի վարչապետը դիմեց իր քաղաքական հակառակորդներին` զգուշացումների և սպառնալիքների հերթական չափաբաժնով:

«Մի՞թե հնարավոր է ժողովրդավարության հասնել բենզինով լի շշեր նետելով: Եթե դուք վստահ եք ձեր ուժերին, գնացեք և հաղթեք ընտրատեղամասերում: Մեր դեմ ներկայացվող կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքները ժողովրդին ուղղորդելու նպատակ ունեն: Դուրս գալով փողոց ընդդիմադիրները վտանգում են երկրի խաղաղությունն ու անդորրը: Բայց մենք` ձեզ հետ միասին, նրանց բոլորին պատասխանատվության կկանչենք և դա կանենք մարտի 30-ին՝ ընտրությունների միջոցով»,- հայտարարում էր Էրդողանը Սիիրթի կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին դիմելով: