Փաստաբանի համոզմամբ՝ քննչական խումբը «ջանասիրությամբ չի գործում»

Your browser doesn’t support HTML5

Փաստաբանի համոզմամբ՝ քննչական խումբը «ջանասիրությամբ չի գործում»

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանի հայրը որդու ազատազրկումից հետո մնացել է հարևանի խնամքին։

36-ամյա Տիգրանը, փաստաբանի խոսքով, նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերին մասնակցել է որպես լրագրող ու ակտիվիստ: Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Տիգրանի կալանավորումից հետո 78-ամյա երկրորդ կարգի հաշմանդամ հայրը՝ Սերգեյ Պետրոսյանը մնացել է միայնակ։ Կինն ու դուստրը Ռուսաստանում են աշխատում և չեն կարող աշխատանքը թողնել ու Հայաստան տեղափոխվել։ Կաթվածահար մարդը հազիվ է տեղաշարժվում, իշխանություններին խնդրում է ազատ արձակել միակ խնամակալին։ Դատարանը, սակայն, արդեն երրորդ անգամ անփոփոխ է թողնում կալանքը։

«Եթե հիմա կնոջս կամ աղջկանս կանչեմ, աղբի քանդողներից մեկն էլ կավելանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերգեյ Պետրոսյանը:

Նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ, ինչպես վկայում են համացանցում տեղադրված տեսագրությունները, Տիգրանի աջ ձեռքին փայտ է եղել, երևում է նաև, թե ինչպես է նա ձախ ձեռքով փորձում ոստիկանին մի կողմ տանելով՝ առաջ անցնել։ Մի քանի վայրկյան տևող այս դրվագի համար, ինչպես պնդում է փաստաբան Արա Զաքարյանը, նրան բերման են ենթարկել և մեղադրել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Ընդ որում, փաստաբանի խոսքով, 4 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը գործը քննել է առանց ջանասիրության, իր պաշտպանյալի հետ ընդամենը մեկ քննչական գործողություն է իրականացվել՝ մի քանի անգամ առերեսվել է ոստիկանի հետ, ով, սակայն, ամեն անգամ հակասական ցուցմունքներ է տվել։

«Այնպիսի տպավորություն է, որ կա՛մ ոստիկանը չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել այն, ինչ իր հետ տեղի է ունենում, կա՛մ էլ նա նախապես գալիս է, փորձում է տալ այնպիսի ցուցմունք, որպեսզի մեղադրանքը ակնհայտորեն հիմնավոր լինի», - նշեց Զաքարյանը:

Փաստաբանը քննադատում է թե՛ գործը քննող ոստիկանությանը, թե՛ դատարաններին՝ հայտարարելով, որ դատարանները կուրորեն համաձայնել են քննիչի բոլոր առաջարկներին ու տեսակետներին, իսկ իր միջնորդությունները մերժել։ Դատարանը հրաժարվել է դիտել տեսագրությունը՝ հայտնելով, որ այդ մասին քննիչի արձանագրությունը բավարար է։

Այս ամենը փաստաբանին թույլ է տալիս եզրակացնել, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելը քաղաքական ենթատեքստ ունի․ - «Երևի թե նման եղանակով իշխանությունները փորձում են դաս տալ այն բոլոր անձանց, ովքեր կփորձեն իրենց անհամաձայնությունը հայտնել այս իշխանություններին: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն ես չեմ տեսնում»:

Փաստաբանի պնդմամբ՝ այդքան մեծաքանակ քննական խումբը (մոտ 30 մարդ) գործը ջանասիրաբար քննելու դեպքում կարող էր 1-1.5 ամսվա ընթացքում ավարտին հասցնել այն:

Նշենք, որ Շանթ Հարությունյանի գործով մյուս 14 կալանավորվածները ևս դժգոհ են նախաքննությունից։

Ոստիկանությունից, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս կան կատարվելիք անհրաժեշտ գործողություններ։