Աֆրիկացի տասնյակ ներգաղթյալներ խեղդվել են Արաբական ծովում

Աֆրիկացի միգրանտները Ջիբութի քաղաքում, 26֊ը փետրվարի, 2013

Եմենի իշխանությունները հայտարարում են, որ աֆրիկացի 42 ներգաղթյալներ խեղդվել են Արաբական ծովի հարավային ափում: Եմենի պաշտպանության նախարարն ասել է, որ միգրանտները խեղդվել են, երբ նրանց նավը շուռ է եկել Բիր Ալի առափնյա քաղաքի մոտ: Փրկարարներին հաջողվել է փրկել 30 հոգու, նրանք տեղափոխվել են փախստականների ճամբար:

Հիմնականում եթովպացի և սոմալեցի ներգաղթյալները, փախչելով իրենց երկրներում տիրող բռնություններից և աղքատությունից, հաճախ անսարք նավերով փորձում են հասնել Եմեն, որպեսզի հետագայում գնան կամ Միջին Արևելքի ապահովված շրջաններ, կամ Արևմուտք:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 7000 ներգաղթյալ է զոհվել ծովում 2013 թվականին: