Ալեքսանդր Բոժկո․ «Ռուսաստանը շտապում է պոկել Ուկրաինայից Ղրիմը»

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն «Ազատություն TV»-ի երևանյան ստուդիայում, 8-ը մարտի, 2014թ․

Նախկին դեսպանը «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնում է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին Հայաստանի արձագանքին, Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև համեմատություններին:
Ղրիմի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես՝ մարտի 16-ին ինքնավարության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեի նշանակումը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն գնահատում է որպես շարունակությունը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի «ագրեսիայի»:

«Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանը վստահ չէ, որ իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես կանխատեսել է, և դրա համար ժամկետը սկզբից նշանակված էր մայիսի 28-ին, հետո՝ մարտի 30-ին, հետո հանկարծ տեսնում եմ՝ մարտի 16-ին», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծեց նախկին դիվանագետը՝ շարունակելով․ - «Նշանակում է, որ ինչ-որ խախտվել են արդեն ծրագրերը Ռուսաստանի, և նա շտապում է դե ֆակտո պոկել Ուկրաինայից Ղրիմը»:

Հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ այդ գործընթացը Ղրիմով կսահմանափակվի, քանի որ արդեն միտումներ կան, որ Ուկրաինայի այլ քաղաքներ ևս ազդարարում են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մտադրության մասին, Բոժկոն արձագանքեց․ - «Ես չէի ասի, որ ազդարարում են, որովհետև մենք գիտենք՝ ինչպես են անում դա․ հատուկ մարդիկ՝ հատուկ պատրաստված, գրավում են քաղաքապետարանը, հայտարարում են, որ իրենց կարծիքով՝ այսինչ մարզը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Դա համարյա նույնն է, որ, ասենք, Ֆիոլետովոյի և Լերմոնտովոյի ռուսախոս բնակիչները որոշեին գրավել Վանաձորի [Հայաստանի Լոռու մարզի] մարզպետարանը և հայտարարել, որ այս մարզը պետք է մտնի Ռուսաստանի մեջ: Դա տարօրինակ է, չէ՞: Բայց իրավունքի տեսակետից հենց այդպես է»:

Անցնող շաբաթ տված ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները, որ իրենք չեն պատերազմի ուկրաինական եղբայրական ժողովրդի դեմ, Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա և այլն, նախկին դեսպանը «ցինիկ» որակեց: «Ուղղակի ամոթ է, որ Ռուսաստանի նման երկրի ղեկավարը ստում է բոլորին, ինչպես հայերեն են ասում՝ թոզ է փչում աչքերին, որովհետև ամբողջ աշխարհը տեսնում էր՝ ինչ է կատարվում, և տեսնում էր՝ ինչպես էին մտնում ռուսական զորքերը Ղրիմ, ինչպես էին գրավում ուկրաինական զորամասերը: Դրա համար, ուղղակի խաղ էր», - ասաց Ալեքսանդր Բոժկոն:

Հարցին՝ որքանով է տեղին համարում զուգահեռները, թե Ռուսաստանը հենց ՆԱՏՕ-ից և Արևմուտքի երկրներից է սովորել ոտնահարել միջազգային օրենսդրությունը՝ օրինակ, երբ ՆԱՏՕ-ի երկրները ներխուժեցին Սերբիա և այլն, նախկին դեսպանը արձագանքեց․ - «Պետք է հիշել՝ ինչպես է դա եղել, և ՄԱԿ-ի որոշում է համապատասխան եղել, չէ՞: Այնպես որ, ըստ օրենքի էր զարգանում այդ ամբողջը: Իսկ մեզ մոտ բոլորովին ուրիշ է, մեզ մոտ Ղրիմի զավթիչները, որոնք գրավել են փաստորեն Ղրիմը հիմա, օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ռուսական զորքերը, չեն թողնում, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտնեն Ղրիմ, որ տեսնեն, հաստատեն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել»:

«Այս դեպքերը ինձ հիշեցնում են 1938 թիվը, երբ ֆաշիստական Գերմանիան զավթեց Սուդեթի մարզը Չեխոսլովակիայից, համարյա նույն պատմությունը ունենք: Եվ Ուկրաինան հիմա բավականին վատ վիճակում է, որովհետև ամբողջ տնտեսությունը շնորհիվ մեր նախկին նախագահ Յանուկովիչի քանդված է, բանակը՝ թուլացած, և այս առիթից օգտված Ռուսաստանը մտցնում է իր զորքերը սուվերեն երկիր: Եվ մենք գիտենք այդ պատմությունը ինչի է հասցրել: Եվ ցավոք սրտի, այն ժամանակ եվրոպական հասարակությունը չի արձագանքել, այսինքն՝ վճռական քայլեր չեն արել, իրենք կարծում էին, որ Հիտլերը կբավարարվի միայն դրանով, բայց փաստերը ուրիշ էին: Հիմա համարյա նույն պատկերն ենք տեսնում, որ որոշ եվրոպական երկրներ կարծիք ունեն, որ կարելի է բանակցությունների միջոցով հաշտվել Պուտինի հետ: Պուտինը այդպիսի մարդ չէ՝ եթե նա նման նպատակ է դրել իր առաջ, ապա երևի նա պետք է գնա մինչև վերջ, այսինքն՝ մինչև գրավի Ղրիմը», - հայտարարեց Բոժկոն:

Խոսակցություններին, որ Կիևում զոհված ոստիկաններն ու ցուցարարները, դատելով ձեռագրից, գնդակահարվել են նույն դիպուկահարների կողմից, նախկին դեսպանը հակադարձեց․ - «Եթե ես չլինեի Մայդանում, չմասնակցեի, ականատես չլինեի այդ ամբողջ իրադարձություններին, չտեսնեի՝ ինչպես են կրակում մայդանցիների վրա, ապա դեռ կմտածեի: Բայց հիմա ես մտածում եմ, որ դա ուղղակի խոսակցություններ են, ինչ-որ մեկը այդպիսի կարծիք ունի և այլն: Ամենակարևորը՝ որ փորձագետները ստուգեն և հաստատեն, որ, ահա, այդպես է եղել: Իսկ փորձաքննություն, որ հիմա տրված է, անցկացնում են, մի բան է ասում՝ որ կրակել են «Ուկրաինա» հյուրանոցի կողմից, Կենտրոնական բանկի կողմից, որտեղ հատուկ զորքեր են եղել»:

«Հասկանալի է ձեր նախագահի մտահոգությունը»


Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների տևական լռությունից հետո օրերս Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին՝ Բոժկոն ասաց․ - «Ես կարծում եմ, որ ողջամիտ կարծիք է այդ խոսքերը, և մտահոգությունը ինձ համար հասկանալի է ձեր նախագահի, որովհետև դա նշանակում է բոլոր մնացած ԱՊՀ-ի երկրների համար, որ ինչ-որ առիթով Ռուսաստանը հենց այնպես, ինչպես Ուկրաինայի նկատմամբ, կարող է վարվել ուզած երկրի նկատմամբ՝ ինչ-որ առիթ գտնել՝ թե՛ ռուսերենի, թե՛ էլի ինչ-որ տնտեսական հարցով և այլն: Դրա համար, իհարկե, դա մտահոգություն է բոլորի համար, և ես այս տրամադրությամբ տեսնում եմ, որ բավականին ուշադիր են հետևում և ինչ-որ մտահոգություն կա ԱՊՀ-ի երկրների ղեկավարների մոտ, և դա բնական է, հասկանալի է»:

Միաժամանակ, Բոժկոն տարօրինակ համարեց այն փաստը, որ Մայդանի զոհերի հիշատակին Երևանում Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խուսափել են իրենց ստորագրությունները թողնել․ - «Դա տարօրինակ է, որովհետև, վերջիվերջո, այնտեղ երկու հայ է զոհվել, չէ՞: Եվ ուղղակի ես հիշում եմ իմ աշխատանքը այստեղ, էլի նման դեպքեր են եղել․ երբ Ուկրաինան նշում էր սովասպանդի [գոլոդոմոր] տարեդարձը, էլի այդպիսի մի տեսակ սառը վերաբերմունք էր Հայաստանի արտգործնախարարության կողմից, որովհետև Ռուսաստանը երևի թույլ չէր տալիս Հայաստանի արտգործնախարարությանը, որ ուրիշ ձևով արտահայտի»:

«Ամբողջ աշխարհը նշում էր դա, և պետք է նշեինք այստեղ՝ Երևանում: Ինձ հրավիրեցին արտգործնախարարություն և ասացին, որ «ավելի լավ է՝ չանցկացնեք այստեղ»: Ասում եմ՝ «ինչպես թե, հրավիրված են դիվանագետները, արդեն մենք պատրաստվել ենք, նախօրոք մենք թույլտվություն ենք ձեզնից խնդրել, իսկ հիմա դուք հանկարծ որոշել եք, որ ավելի լավ է, որ Ուկրաինայի դեսպանությունը չնշի այստեղ այս տարեդարձը, եթե ամբողջ աշխարհը նշում է», - շարունակեց նախկին դեսպանը:

«Իսկ Ուկրաինայի կողմից նույն վերաբերմունքը չկա՞ր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում», - «Ազատության» այս հարցին Բոժկոն պատասխանեց․ - «Ինչպես թե, մենք նշում ենք դա, հասարակությունը նշում է, դա մենք անցկացնում ենք և իհարկե ճանաչում ենք որպես Հայաստանի ողբերգություն, ամբողջ Ուկրաինայում հուշարձաններ են կառուցված»:

«Տարօրինակ է համեմատությունը Ղրիմի և Ղարաբաղի միջև»


Ազգերի ինքնորոշման սկզբունքի առնչությամբ, որի մասին իր նույն ասուլիսում խոսել էր Պուտինը, և Հայաստանում առկա այն մտայնության, որ պետք է Ռուսաստանին նախագահին ասել՝ «եթե Ղրիմը, բա Ղարաբա՞ղը», ուկրաինացի նախկին դիվանագետը հայտարարեց․ - «Միամիտ մարդիկ են, իրենք ախր չեն հասկանում՝ Պուտինը ով է, և ամեն երկրի համար նա հատուկ մոտեցում ունի: Բացի այդ, պետք է ասեմ, որ մեծ տարբերություն կա Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրում են բնիկ հայեր, որոնք ծնվել են, ապրել են այնտեղ, իսկ պատմությունից մենք գիտենք, որ Ղրիմից տարել են և՛ հայերին, և՛ թաթարներին, և՛ բուլղարներին, և նրանց փոխարեն բերել են մարդկանց, որոնք բնակվում էին Կենտրոնական Ռուսաստանում: Եվ եթե դուք գաք, դուք արդեն կզգաք, որ այդ մարդիկ, որ այնտեղ են ապրում, չգիտեն՝ ինչպես վարել տնտեսությունը, որովհետև ավանդույթների կապը կտրված է: Դրա համար, տարօրինակ է այդ համեմատությունը Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի բնակչության միջև, մանավանդ՝ այդպիսի գաղափար, ինչպես՝ Ղրիմի ժողովուրդ, չկա: Չի կարելի այսպես համեմատել»: