Թմրանյութերի շրջանառության համար դատապարտված քիմիկոսները վճռաբեկ բողոք են ներկայացրել

Քիմիկոսների գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված, «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանի և 10 տարվա ազատազրկման դատապարտված Աղվան Վարդանյանի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դիմելով Վճռաբեկ դատարան՝ պահանջել է ամբողջությամբ բեկանել Շենգավիթի և Վերաքննիչ դատարանների մեղադրական դատավճիռները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Քիմիկոսների գործով 9 ամբաստանյալները անցյալ տարվա հունիսին դատապարտվել են թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի իրացման նպատակով ապօրինի շրջանառության համար։

Դատավճռի մեջ նշված է, թե Սամվել Խաչատրյանի հրավերով Ռուսաստանից ժամանած, գործով չպարզված երկու քիմիկոս ընկերությունում պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրամիջոցի աղ»: Իսկ հետո էլ, ինչպես նշել է նախաքննական մարմինը և հաստատել է դատարանը, «թմրամիջոցը չպարզված հանգամանքներում ապօրինի իրացվել է»։ Մյուս դրվագներից մեկով էլ նշված է, թե ամբաստանյալները «ապօրինի պատրաստել են 180 կգ ամֆետամին թմրամիջոց՝ հումքի տեսքով»: Դատավճռում նշված են նաև «կետոն» տեսակի նյութի վերաբերյալ պնդումներ:

Դատապարտվածների պաշտպանները դժգոհում են, որ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել՝ չհերքելով, որ պարզված չեն ոչ միայն ռուսաստանցի քիմիկոսների ինքնությունը, իրացնելու հանգամանքները, այլև անձինք, որոնք, ըստ մեղադրականի, գնել են ամֆետամինը: Փաստաբանը հիշեցնում է ՄԱԿ-ի 1961թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիան, ըստ որի՝ ամֆետամինը ընդգրկված է հոգեմետ նյութերի ցանկում և թմրամիջոց չի հանդիսանում: Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականին:

Դատավճռում նշված են անուններ՝ Մաջիթ, Խալո և Դայի: Բայց նրանց չեն հարցաքննել, նրանց մասին տվյալներ չկան գործում: Պաշտպանը վճռաբեկ բողոքում անդրադարձել է գործով չպարզված Խալոյի, Դայիի և Մաջիթի դերակատարությանը՝ նշելով, որ օրենքով «անհայտ մաջիթներ չեն կարող լինել, անհայտ մաջիթների հետ պայմանավորվածությունները ապացույց չեն կարող հանդիսանալ, դրանք միայն ենթադրություններ կարող են լինել և ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող»:

«Չպարզված անձանց իրացնելը որպես մեղադրանք ներկայացնելը հիշեցնում է անցած դարի 30-ական թվականների ԽՍՀՄ արդարադատությունը»,- բողոքում նշել է պաշտպանը և ավելացրել․ - «Եթե անհայտ անձի է իրացվել, ուրեմն չի եղել, և մեղադրանքը անհիմն է»։

Մեղադրական եզրակացությունից դատավճռի մեջ արտագրված պնդումների մեջ նշված է քիմիական նյութերի անվանումների շարան, բայց կա մի ուշագրավ ձևակերպում.- «Ձեռք է բերել նատրիումական աղ։ Որ միջնակարգ կրթությամբ մարդուն հարցնես ի՞նչ է նատրիումական աղը, կասի՝ կերակրի աղ։ Բայց այստեղ երևի ուրիշ բան նկատի ունեն»։

Վկաներից բացի, մեղադրանքի հիմքում են նաև ամբաստանյալների «խոստովանական» ցուցմունքները: Ամբաստանյալները վերաքննիչ դատարանում հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ և ճնշումներ են գործադրվել։

Ըստ Արմեն Մուխսիկարոյանի, «Քիմտեխի» տնօրեն Սամվել Խաչատրյանի ձերբակալության ժամանակ վերջինիս մոտ եղած 65 հազար դոլարն ու ոսկեղենը վերցրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության նախկին պետ Նազարեթ Մնացականյանը, սակայն չի փոխանցել Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Եվ որևէ արձանագրություն, ըստ նրա փաստաբանի չի կազմվել:

«Օրենքի պատվար» մեդալով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրված Նազարեթ Մնացականյանը, ով հիմա սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարն է, լսելով «Ազատության հարցը», ասաց, թե խորհրդակցության է։

Ավելի ուշ ևս փոխնախարարը ժամանակ չգտավ պատասխանել հարցին, թե իսկապե՞ս չի փոխանցել Սամվել Խաչատրյանի 65 հազար դոլարը և ոսկեղենը: Փոխնախարարին գրավոր հարցեր ենք հղել։