Ֆրանկոֆոնիայի երկամսյակ Հայաստանում

Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշը

Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ:

Երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարությունում կայանալիք ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերը: Ասուլիսին ներկա կգտնվի նաև Պատրիսիա Կաասը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ամբողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:

Արտգործնախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպման աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Հայաստանի պետական կառույցները` Ազգային ժողովը, կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, երկրի տեղական ինքնակառավարման մարմինները:

Երկամսյակի կազմակերպման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիբանանի և Լիտվայի դեսպանությունները: